Հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ակտն անհիմն էր

14.02.2012 թվականին Հ.Խանոյանը (ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյան) հայացադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 26.12.2012 թվականի թիվ ԱԳ 631326 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ 24.01.11թ.` ժամը 00.30-ի սահմաններում ավտովարորդ Կ.Թաշչյանը «ԲՄՎ 523» մակնիշի 20 ՏՕ 950 հ/հ-ի ավտոմոբիլը վարել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցով Մաշտոցի պողոտայի կողմից դեպի Բաղրամյան պողոտայի ուղղությամբ 30-40 կմ/ժ արագությամբ երթևեկելի 3-րդ գոտիով և իր կողմից վարվող ավտոմոբիլի առջևի մասով ընդհարվել է Մոսկովյան փողոցով Մաշտոցի պողոտայի կողմից երթևեկելի 3-րդ գոտիով խաչմերուկ մուտք գործած՝ Հ.Խանոյանի կողմից վարվող «ԼԵՔՍՈԻՍ 300» մակնիշի 08 ՏՏ 188 հ/հ-ի ավտոմոբիլի առջևի ձախ անկյունային մասին և պատճառել գույքի վնաս։ Ավտովթարի հետևանքով Լ.Սիմոնյանին և Գ.Խանոյանին պատճառված մարմնական վնասվածքների փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Դատարանը ուսումնասիրելով սույն վարչական գործով վիճարկվող որոշումը պարզեց, որ հայցվոր` Հ.Խանոյանը 26.12.2011 թվականին ենթարկվել է վարչական պատասխանատվության ՃԵԿ-ի 65 և 67 կետերը խախտելու համար` ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1246 հոդվածի 1-ին մասի համաձայն` 20.000 դրամի չափով։ Պատասխանողը դատաքննության ընթացքում հայտնել է, որ որոշման կայացման համար հիմք չի հանդիսացել ՃԵԿ-ի 65-րդ կետի պահանջները խախտել, դրանից ելնելով Դատարանը չի անդրադառնում Հայցվորի կողմից նշված կետի խախտման ապացուցմանը, որպես որոշման կայացման հիմք։

Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 1246-րդ հոդվածի 1-ին մասով անձին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է որպեսզի նա կատարած լինի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որի հետևանքով առաջանա ճանապարհատրանսպորտային պատահար։ Տվյալ դեպքում Պատասխանողը վիճարկվող որոշման մեջ նշել է, որ Հ.Խանոյանը կատարել է ՃԵԿ-ի 67-րդ կետի խախտում։ Համաձայն «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 28 հունիսի 2007 թվականի թիվ 995-Ն որոշման հավելված 1-ի 67-րդ կետի «Երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը։ Այդ դեպքում շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար»։

Դատարանը գտել է, որ պատասխանողը դատաքննությամբ չի կարողացել հիմնավորել հայցվորի կողմից ՃԵԿ-ի 67-րդ կետի խախտում կատարելու փաստը, մասնավորապես, որ հայցվորը ի վիճակի էր եղել հայտնաբերել երթևեկության համար առաջացած վտանգը, և որի պայմաններում միջոցներ չէր ձեռնարկել արագությունն իջեցնելու` ընդհուպ միչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը։

Դատարանը վճռեց՝ Հ.Խանոյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 26.12.2012 թվականի թիվ ԱԳ 631326 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել. անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 26.12.2012 թվականի թիվ ԱԳ 631326 վարչական ակտը։

Սույն վճռի դեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան բողոք է բերել ՀՀ ոստիկանության ՃՈ-ն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել