«Պրո Կրեդիտ Բանկ»-ն ընդդեմ ՊԵԿ-ի

«Պրո Կրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի 26.12.2011 թվականի թիվ 69/4 որոշումը մասնակիորեն` 23.09.2011 թվականի թիվ 1013299 ստուգման ակտի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված խախտումների մասով, և 23.09.2011 թվականի թիվ 1013299 ստուգման ակտը` 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի մասով, անվավեր ճանաչելու պահանջների մասին։

Գանգատարկման հանձնաժողովն իր 26.12.2011թ.-ի թիվ 69/4 որոշմամբ չեղյալ է համարել ակտում նշված խախտումներից մեկը:

Դատաքննությամբ հաստատվեց, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 23.09.2011 թվականին կազմվել է թիվ 1013299 ստուգման ակտը, որով «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲ ընկերությանը առաջադրվել է շահութահարկի` 4.909.463 դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն։ Վիճարկվող ստուգման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետով արձանագրվել է, որ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲ ընկերությունը 2008 և 2009 թվականների հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտներից նվազեցրել է համապատասխանաբար 105.493 դրամ և 1.943.093 դրամ ֆիզիկական անձանցից առանց հիմնավորող փաստաթղթերի ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված արտարժույթի միջին փոխարժեքից բարձր գնով ձեռք բերված և նույն փոխարժեքից ցածր գնով վաճառված արտարժույթային գործարքներից առաջացած վնասների չափով։ Դրա հետևանքով բանկը 2008 և 2009 թվականների հարկային վնասները ավել է ցույց տվել համապատասխանաբար 105.493 դրամ և 1.943.093 դրամ։

Վարչական դատարանը գտել է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը ճիշտ չեն մեկնաբանել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 25.08.1998 թվականի թիվ 525 որոշման պահանջները, ինչպես նաև չեն կիրառել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 08.06.2005 թվականի թիվ 293 որոշման 4-րդ և 5-րդ կետերը։

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության 23.09.2011 թվականի թիվ 1013299 ստուգման ակտի 1-ին կետի 3-րդ ենթակետը` շահութահարկին վերաբերող մասը, անվավեր ճանաչելու վերաբերյալ «Պրո Կրեդիտ Բանկ” ՓԲ ընկերության փաստարկները հիմնավոր են:

Դատարանը վճռեց «Պրո Կրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցը բավարարել։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի 26.12.2011 թվականի թիվ 69/4 որոշումը մասնակիորեն` 23.09.2011 թվականի թիվ 1013299 ստուգման ակտի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված խախտումների մասով, ճանաչել անվավեր։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների 23.09.2011 թվականի թիվ 1013299 ստուգման ակտը` 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի մասով, ճանաչել անվավեր։

Սույն վճռի դեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան բողոք է բերել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել