Տուգանել են՝ առանց փաստացի ստուգում կատարելու

Անհատ ձեռնարկատեր Ս.Գաբրիելյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության` վերջինիս կողմից կազմված 10.08.2011թ. թիվ 2103510 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

2011թ. սեպտեմբերի 15-ին Կոտայքի ՏՀՏ-ն հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ա/Ձ Ս.Գաբրիելյանի` պետական բյուջեի օգտին 9.097.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Ըստ հայցվորի ներկայացուցչի պնդման` ստուգման ակտը հայցվորին ուղարկվել է 2 անգամ։ Գործում առկա է հայցվորի կողմից ներկայացված թիվ 2103510 ակտի 2 օրինակները, կազմված 2011թ. օգոստոսի 10-ին։ Դրանցից մեկը` ստորագրված է ստուգող տեսուչների և Ա/Ձ Ս.Գաբրիելյանի կողմից, որի վրա է առկա է վերջինիս գրառումը, իսկ մյուսը` ստորագրված է միայն ստուգող տեսուչների կողմից և կնքված Կոտայքի ՏՀՏ-ի կնիքով։

Կոտայքի ՏՀՏ-ի կողմից կազմված ակտից հետևում է, որ դրա հիմքում դրվել են Ա/Ձ Ս.Գաբրիելյանի բացատրություննները, 2011թ. օգոստոսի 6-ի այցելության արձանագրությունը, ինչպես նաև պայամանգրերը և հաշիվ ապրանքագիրը։
Այդ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ ըստ էության Ա/Ձ Ս.Գաբրիելյանի մոտ փաստացի ստուգում չի կատարվել։

Դատարանը վճռեց անհատ ձեռնարկատեր Ս.Գաբրիելյանի հայցը` ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության` վերջինիս կողմից կազմված 10.08.2011 թվականի թիվ 2103510 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել և անվավեր ճանաչել նշված ակտը։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության հակընդդեմ հայցը` ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սերյոժա Գաբրիելյանի` պետական բյուջեի օգտին 9.097.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժել։

Սույն վճռի դեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան բողոք է բերել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել