Դպրոց ընդունվելիս առաջնահերթություն կտրվի տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող, աշխատակիցների երեխաներին

«Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանվում են սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման և ազատման կարգը։

Իրավաբան.net-ը տեղեկացնում է, որ սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա` սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով: Պետական ուսումնական հաստատությունների համար պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

1.Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է՝

  • 1) տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին.
  • 2) տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:

2. Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:

3. Հանրակրթական դպրոցի առաջին դասարան երեխայի ընդունելության ժամանակ արգելվում է գիտելիքների ստուգումը:

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն կատարվում է ընդհանուր հիմունքներով:

5. Դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:

6. Ուսումնական հաստատությունը, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինները ապահովում են դպրոցական տարիքի երեխայի ընդգրկումը ուսումնական հաստատություն:

7. Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթությունը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

8. Ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելը և ազատելը կատարվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած կարգով հետևյալ դեպքերում.

  • 1) ծնողի դիմումի հիման վրա.
  • 2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

9. Ոչ պետական ուսումնական հաստատությունում, մասնագիտացված հանրակրթական դպրոցում կամ այլընտրանքային ծրագրում ընդգրկված սովորողի ազատումը կամ այլ ուսումնական հաստատություն տեղափոխումը կարող է կատարվել նաև ծնողի և տվյալ ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:

10. Սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Տվյալ ուսումնական տարվա հանրակրթական հիմնական ծրագիրը չյուրացրած սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու, ինչպես նաև տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

11. Ուսումնական պարապմունքներից բացակայություններ ունեցող սովորողների հետագա ուսումնառության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել