Բրիտանացիները մեղադրել են ֆրանսիական L’Oreal ընկերությանն այն բանի համար, որ վերջինս իր` մաշկի ծերացման դեմ կրեմի գովազդում օգտագործել է համակարգչային գրաֆիկա:
Սկանդալային գովազդում պատկերված է օսկարակիր դերասանուհի Ռեյչել Վայսը:
Խնդիրը կայանում է նրանում, որ 41-ամյա հայտնի դերասանուհին դեմ է ցանկացած պլաստիկ վիրահատական միջամտությանը և բնական գեղեցկության կողմնակից է:
Չնայած դրան` գովազդում դերասանուհու մաշկն անչափ հարթ էր, ինչը և կասկածի տեղիք է տվել բրիտանացիների համար:
Քննության արդյունքում պարզ դարձավ, որ նկարը մշակվել է համակարգչային ծրագրերի միջոցով, իսկ նման գովազդը փաստորեն չափազանցված էր:
L’Oreal ընկերությունը փորձել է արդարանալ` պատճառաբանելով, որ համակարգչային մշակումը պարտադիր է նման դեպքերում, բայց դա չօգնեց, գովազդն առ այսօր արգելված է Մեծ Բրիտանիայում:
«Համաձայն Գովազդի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին պարբերության` արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի հավաստիությունը և որը վերաբերում է ապրանքի հատկանիշներին, բնույթին, կազմին, պատրաստման ժամանակին, նշանակությանը, սպառողական հատկություններին, կիրառման պայմաններին, համապատասխանությանը ստանդարտին, քանակին, ծագման երկրին»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net