Օրեր առաջ՝ մայիսի 9-ին, Երկրորոդ համաշխարհային պատերազմի 75-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր պապի լուսանկարը և գրել.
«Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։
Այս գրառումից հետո լրատվադաշտում սկսեցին քննարկումներ այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի պապը համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։ Օգտվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված «Մեմորիալ» (այստեղ արխիվացված են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների, անհայտ կորածների և մահացածների տվյալները) կայքից՝ նրանք գտել էին Նիկոլ Փաշինյանի պապու անվանակցին, որը նույնպես մահացել էր 1943 թվականին, իսկ որպես թոշակի գնալու պատճառ նշված էր «թշնամու հետ համագործակցությունը»։
Այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։
Սակայն առկա է տարբերություն հիշյալ անձի և Նիկոլ Փաշինյանի պապու հայրանուններում։ Վարչապետ Փաշինյանի պապը՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանը, կռվել է ԽՍՀՄ բանակում և անհայտ կորել։ Այս մասին տվյալները ևս հրապարակված են «Մեմորիալում»։ Մինչդեռ լրատվականները նրան շփոթել էին Նիկոլ Վարդանի Փաշինյանի հետ, որի մասին նշվում է՝ «… կռվել է Գարեգին Նժդեհի լեգիոնում և աջակցել է Նացիստական Գերմանիային»։
Լուրի հրապարակումից հետո լրատվականներում հայտնվեց նաև տեղեկատվության հերքումը, սակայն հատկանշական է, որ օրեր անց մի շարք ռուսական լրատվամիջոցներ՝ mk.ru, lenta.ru, rosbalt.ru, gazeta.ru և այլք, շարունակում են նույնաբավանդակ այս կեղծիքը ակտիվորեն տարածել։
Այսպիսով նշենք, որ վարչապետ Փաշինյանի պապու մասին տարածվող տեղեկությունը, թե նա աջակցել է գերմանական բանակին, չի համապատասխանում իրականությանը։