Օմբուդսմենն ակնկալում է փոխվարչապետի միջամտությունը

Մեծարգո պարոն Գևորգյան,

Սույն թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների ընթացքում ստացված մի շարք ահազանգերով ստացված տեղեկությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից անցկացված մշտադիտարկումների արդյունքները վկայում են այն մասին, որ հանրապետությունում ընտրական տեղամասերի մեծամասնությունը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց մուտքի համար: Այսինքն, հաշմանդամություն ունեցող անձինք փաստացի զրկվում են իրենց ընտրելու իրավունքից: Տվյալ հարցը պահանջում է առավել հրատապ լուծում` հաշվի առնելով սույն թվականի մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները:

ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք: Իսկ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է պետության պարտավորությունը խթանելու հաշմանդամների մասնակցությունը հասարակական կյանքին, որն իր մեջ ներառում է նաև նրանց` մյուսների հետ հավասար հիմունքներով ընտրություններին մասնակցելու իրավունքը: Ավելին, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների համապատասխան՝ պետությունը պարտավորվում է ապահովել, որ քվեարկության ընթացակարգերը, վայրերը և միջոցները լինեն մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

ՀՀ ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը նախատեսում է, որ «տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ»: Համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի` ընտրողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով տեղամասային կենտրոնի տեղակայման համար համայնքի ղեկավարը կարող է վարձակալել համապատասխան տարածքներ: Իսկ տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի ընտրության և քվեարկության սենյակի կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը: ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի թիվ 633-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրության համաձայն՝ Նախարարության խնդիրներից է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովումը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ խնդրում ենք Ձեր հանձնարարականը համապատասխան մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու նպատակով: Հայտնում ենք նաև համագործակցության մեր անկեղծ պատրաստակամությունն այս կարևոր խնդրի լուծման համար:

 

Հարգանքով՝  

Կ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել