Քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:
Իհարկե այս կանոնը անսահմանափակ չէ, քանի որ Սահմանադրությանը կամ միջազգային իրավունքի սկզբունքներին անհամապաստասխան անձի իրավունքները սահմանափակելու դեպքում օրենքը կարող է ճանաչվել հակասահմանադրական (հակաիրավական) և չի կարող գործել:
Բացի այս, քաղաքացիների գործունակությունը կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեությամբ զբաղվելու նրանց իրավունքների սահմանափակման` օրենքով սահմանված պայմանները և կարգը չպահպանելը հանգեցնում է համապատասխան սահմանափակում սահմանած պետական կամ այլ մարմնի ակտի անվավերության:
Փաստորեն պետական կամ այլ մարմինների կողմից որևէ ակտ ընդունելիս պետք է հաշվի առնվի անձի իրավունքների գերակայությունը, ինչը իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է:
Քաղաքացու իրավունակությունից կամ գործունակությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն և նրա իրավունակության կամ գործունակության սահմանափակելուն ուղղված գործարքներն առոչինչ են:
Գիտենք, որ անձը պայմանագրով կարող է ստանձնել տարատեսակ պարտականություններ, սակայն անձի գործունակությունը սահմանափակող պայմանագրի պայմաններն իսկզբանե առոչինչ են: Կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ նույնիսկ եթե անձը ստորագրել է պայմանագիրը, համաձայնել է պայմանագրի պայմաններին, այնուամենայնիվ, օրենքը պաշտպանում է անձի իրավունքը՝ անգամ վերջինիս ցանկության բացակայության դեպքում:
Օրինակ եթե անձը ստորագրել է աշխատանքային պայմանագիր և համաձայնել է աշխատել առանց աշխատավարձի, նման պայմանգիրը այդ մասով իրավական ուժ չի ունենա: Կամ եթե անձը ստորագրել է ամուսնական պայմանագիր և հրաժարվել է համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերած գույքի նկատմամբ իրավունքներից, պայմանագրի այդ պայմանը ևս իրավական ուժ չի ունենա:
Սերինե Խաչատրյան
Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու
Աղբյուրը՝ Իրավաբան.net