Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված Մելինե Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նա մեղադրվում է այն բանի համար, որ Մ. Խորենացի 33 հասցեում գտնվող «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցների վստահությունը չարաշահելու` նրանց ոսկե զարդերը վերավաճառելու և գումարները վճարելու կամ վերադարձնելու պատրվակով միասնական հանցավոր մտադրությամբ շարունակաբար խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող 67.117.994 ՀՀ դրամին համարժեք ոսկեղեն և գումար:
Սույն գործով 2012 թվականի մարտի 24-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց դատավճիռ, որով ամբաստանյալ Մելինե Մ.-ին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտեց ազատազրկման 5 /հինգ/ տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 25.000.000 /քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամ գումարից, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2010թ. սեպտեմբերի 11-ից։
Դատավճիռը հրապարակելուց հետո, Մելինե Մ.-ի կողմից բերվել է վերաքննիչ բողոքը:
2012 թվականի հուլիսի 19-ին ՀՀ քրեական և զինվորական վերաքննիչ դատարանը կայացրեց որոշում, որով ամբսատանյալի վերաքննիչ բողոքը մերժեց, որի դեմ բերվեց վճռաբեկ բողոք:
Այսպիսով, 2012 թվականի նոյեմբերի 1-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշեց բավարարել բողոքը մասնակիորեն: Ամբաստանյալ Մելինե Մ.-ի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 19-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net