ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերի ընթացքում խոսեց ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության մասին։ Նա ներկայացրեց, թե ինչպես են տեղի ունենալու ուսումնական տարվա ամփոփումները, ինչպես են աշակերտները հանձնելու ավարտական ու միասնական քննությունները։
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4–րդ և 9–րդ դասարանների ավարտին։ Աշակերտների մինչև մարտի 13–ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում է հաջորդ աստիճան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվում նաև ավագ դպրոցի 10–րդ և 11–րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով»։
Նախարարը նշեց, որ դպրոցներում չեն իրականացվի նաև ավարտական քննություններ. «Ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով ինչ 4–րդ և 9–րդ դասարանների դեպքում։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասն ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորությու է տրվում ընտրել, պահպանել քննության արդյունքը կամ ընտրել տարեկան գնահատականը, որպես ատեստատում քննական գնահատական։ Ամփոփումը կատարվում և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25–ը։ Քոլեջների և ուսումնարանների ավարտական դիպլոմային պաշտպանություն և քննություններ չեն իրականացվում, ամփոփումը կատարվում է ինչպես դպրոցական ավարտականների դեպքում։ Եթե սովորողը գնահատական չունի 2–րդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքում։ Ամփոփումը կատարվում և դիպլոմները տրվում են միչև հունիսի 5–ը»։
Ինչ վերաբերում է «Վերջին զանգ»-ի միջոցառումներին, ապա Արայիկ Հարությունյանը նշեց․ «Վերջին զանգի հետ կապված որոշել ենք հետևյալը, հենց նախարարությունը մեզ ասի՝ համավարկն այլևս իրենից վտանգ չի ներկայացնում, սահմանփակումների խնդիր չի լինի, պայմանավորվում ենք մի օր ու անցկացնում այդ միջոցառումը»։