Այսօր, ժամը 15:30-ին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարևեց» Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում Արարատի բնակիչներին, որտեղ նրան անվանակոչեցին նախագահ: «Իմ անունը Րաֆֆի Հովհաննիսյան է, ինձ նախագահ մի ասեք»,- ասաց նա իրեն նախագահ անվանողներին:
Չնայած այն հանգամանքին, որ այսօր Արարատ քաղաքի բոլոր դպրոցների տնօրենները, առաջինից մինչև 12-րդ դասարանների աշակերտների ծնողներին կանչել են դպրոց և հատուկ 15:30-ին կազմակերպել ծնողական ժողով, որպեսզի զբաղված լինեն և չկարողանան մասնակցել այդ հանդիպմանը, բայց, այնուամենայնիվ, Արարատ քաղաքի բազմաթիվ բնակիչներ ներկա էին:
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց Արարատի մարզպետին և քաղաքապետին հրաժարական տալ և իր խոսքում նշեց, որ օրենքի առաջ հավասար են բոլորը:
«Եթե այս պահից սկսած որևէ մեկը խախտի արարատցիների իրավունքը, վախեցնի, սպառնա՝ պատասխան կտա նաև Արարատի քաղաքապետը և մարզպետը: Ինչքան էլ փորձեցին կեղծել Արարատի թվերը, միևնույնն է Արարատի ժողովուրդը հաղթեց և Սերժը պետք է ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա խոստացավ արարատցիներին, որ այլևս ոչ մի ցավ և ոչ մի հոգս չի լինելու և ոչ մի Եվրոպա, ոչ մի Ամերիկա, ոչ մի Ռուսաստան՝ միայն Արարատ:
«Միասին պետք է գնանք դեպի հաղթանակ, բոլորը պետք է ճանաչեն ՀՀ քաղաքացու կամքը, մեր դեմ խաղ չկա»,- իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Պետք է նշել նաև, որ մինչ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Արարատ քաղաք ժամանելը, ոստիկանության աշխատակիցները հորդորում էին բնակիչներին հեռանալ այդ հրապարակից և չմասնակցել հանդիպմանը:
Պետք է նշել նաև այն, որ հարյուրավոր քաղաքացիներՐաֆֆի Հովհաննիսյանի ելույթը նախընտրում էին լսել հեռվից՝ վախից, գուցե և մի շարք այլ խնդիրներից խուսափելու համար:
Լուսինե Հայրապետյան
Աղբյուրը` Իրավաբան.net