Մարզերի ղեկավարները՝ այս օրերին առաջացած սոցիալական խնդիրների, հեռավար կրթության և կորոնավիրուսի մասին

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի մեծամասնությունը գրանցվում է Երևանում, սակայն վարակը տարածված է նաև մարզերում։ 

Իրավաբան․net զրուցել է մարզերի ղեկավարների հետ՝ տեղեկանալով, թե վերջին տվյալներով կորոնավիրուսի հաստատված քանի դեպք կա մարզերում, ինչպիսի սոցիալական  խնդիրների առաջ են կանգնել մարզային բնակիչները արտակարգ դրության այս օրերին և ինչ փուլում է գտնվում հեռավար կրթության խնդիրների լուծման հարցը։ 

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը  Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց, որ ապրիլի 3-ից հետ մարզում հաստատված նոր դեպքեր չեն եղել, իսկ մինչև ապրիլի 3-ը ունեցել են 25 հաստատված դեպք, որոնցից 10-ն արդեն առողջացել են․ «Ապրիլի 17-ի դրությամբ մարզում կորոնավիրուսով հիվանդ բոլոր պացիենտների կրկնակի թեստը եղել է բացասական: Բոլոր վարակակիրներն առողջացել են և դուրս են գրվել հիվանդանոցից»։

Նա նշեց, որ պարետի որոշմամբ պայմանավորված մարզում կլինեն փոքր ձեռնարկություններ, որոնք կսկսեն աշխատել․ «Մենք ունենք 3 մեծ կոմբինատ, որոնք պարետի որոշմամբ մինչ այժմ աշխատում էին։ Համապատասխան տեսչական մարմինները պարբերաբար ստուգումներ էին իրականացնում և ունեցանք դեպք, երբ կոմբինատներից մեկի աշխատանքը 6 ժամով կասեցվեց։ Ձեռնարկություններն իհարկե մեր և համապատասխան մարմինների վերահսկողության ներքո կաշխատեն, և եթե արձանագրվեն  խախտումներ՝ կենթարկվեն պատասխանատվության»։

Պարետի ապրիլի 14-ի որոշմամբ թույլատրվեց փոխել ինքնամեկուսացման վայրերը, մեր այն հարցին արդյո՞ք շատ քաղաքացիներ են լքել մարզը կամ հակառակ՝ եկել մարզ Նարեկ Բաբայանը պատասխանեց․ «Երևանում Սյունիքից ուսանողներ ունենք, որոնք մինչև արտակարգ ռեժիմի երկարացումը Երևանում էին և սպասում էին հնարավոր դասերի վերսկսմանը, սակայն այժմ կվերադառնան մարզ»։

Ինչ վերաբերում է Կառավարության ընդունած աջակցության միջոցառումներին փոխմարզպետը նշեց․ «Այս պահին չեմ կարող ասել, թե քանի ընտանիք կօգտվի կառավարության աջակցություններից։ Բնակչության կողմից շատ են հարցերը, թե ինչպես կարող են ընդգրկվել կառավարության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերում։ Այս պահին չեմ կարող ասել, թե քանի ընտանիք կօգտվի, սակայն փորձել ենք ամեն ինչ անել, թե՛ սնունդով, և  թե՛ պարենով օգնելու այն ընտանիքներին ովքեր ամանաշատը ունեն դրա կարիքը»։

Անդրադառնալով հեռավար կրթության համար մարզին տրամադրվող  սարքավորումների քանակին, Սյունիքի մարզպետի տեղակալը նշեց, որ առաջին փուլով մարզին հատկացվել է 56 պլանշետ, որոնք տրամադրվել են այն ընտանիքներին որտեղ 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ կան և որոնք դուրս էին մնացել հեռավար կրթությունից․ «Առաջին փուլով կարողացանք լուծել 146 երեխայի խնդիր, երկրոդ փուլով մեզ տրամադրվեց 40 պլանշետ և դրանք արդեն տրամադրվում են այն ընտանքիներին որտեղ կա 2 և ավելի դպրոցահասակ երեխա։ Առաջին փուլից հետո ունեցանք  500 երեխա, որ դուրս էր մնացել, սակայն այս երկրորդ փուլով կլուծենք նաև այդ երեխաների խնդիրները»։

Նա հավելեց, որ եղել են բարերարներ, որոնք տրամադրել են  համակարգիչներ․ «Կարող եմ ասել, որ մարզում 95 տոկոսով այդ խնդիրը լուվծած է»։

Իսկ Արարատի մարզպետի օգնական Տիգրան Շիրինյանը նշեց, որ մարզում ամեն ինչ վերահսկվում է և արվում է համաձայն պարետի ցուցումների։ Ապրիլի 16-ի տվյալներով, Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։

Զրուցեցինք նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, ով  տեղեկացրեց, որ մարզից երկու քաղաքացի բուժում է ստանում Երևանում, իսկ 11 քաղաքացի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։

Խոսելով մարզում իրավիճակով պայմանավորված խնդիրների մասին՝ նա նշեց, որ  հիմնական խնդիրները սոցիալական են․ «Ցավոք մեր մարզը միշտ սոցիալական առումով խոցելի է եղել և այս փուլում առաջ է եկել խոցելիության նոր ծավալ։ Իհարկե մեր մարզում այս պահին կառավարության աջակցության ծրագրերի ծավալը բավականին մեծ է, այդ պատճառով  աշխատում ենք համաչափ լուծումներ գտնել»։

Շիրակի մարզպետի խոսքով, այս ընթացքում մասնավոր և հասարակական կազմակերպությունները իրենց հնարավորությունների շրջանակում աջակցել են նաև մարզում հեռավար կրթությանը․ «Մենք ունեցել ենք 150 նեթբուքներ որոնք ստացել էինք «Շիրակ» ֆուտբոլային ակումբից և 85-ը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Ցուցակները ստանում ենք դպրոցներից և այս պահին մեր հիմանական թիրախն են այն ընտանիքները, որտեղ կան 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ»։

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ  նշեց, որ ամենօրյա տվյալների հրապարակում չեն իրականացնում՝ խուսափելու համար ավելորդ խուճապային իրավիճակից․ «Մարզում ունեցել ենք 27 թեստի դրական պատասխան, և այս ընթացքում նրանցից 7-ը առողջացել են։ Ապրիլի 16-ի դրությամբ ակտիվ դեպքերը 20-ն են»։

Նա տեղեկացնում է, որ ինքնամեկուսացած քաղաքացիների հետ ամենօրյա կապի մեջ են, և եթե նրանցից մեկը փոխի իր մեկուսացման վայրը, ապա նրանք դրա մասին անպայման կտեղեկանան։

Ինչ վերաբերում է պարետի որոշմամբ որոշ տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումների վերացմանը՝ Դավիթ Գևորգյանը նշեց, որ կլինեն տնտեսվարողներ, որոնք կսկսեն իրենց գործունեությունը։

Առաջին հերթին խոսքը վերաբերում է շինարարական կազմակերպություններին․ «Շուտով կմեկնարկեն, հատկապես ճանապարհաշինության հետ կապված ծրագրերի թերությունների վերացման աշխատանքները, քանի որ կան կազմակերպություններ որոնք պարտավորվել էին վերացնել թերությունները, և քանի որ հանվել են իրենց մասով սահմանափակումները, նրանք արդեն կսկսեն կատարել այդ աշխատանքները։ Մենք գործատուների հետ միասին պետք է ապահովենք բոլոր անհրաժեշտ կանոնները՝ սոցիալական հեռավորություն, պաշտպանիչ միջոցների օգտագործում և այլն»։

Արագածոտնի մարզպետի խոսքով, իրենց գործողությունները շարունակվել են այս ողջ ընթացքում նաև այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց աշխատանքը թույլատրվել է՝ սուպերմարկետների, մթերային խանութների․ «Շատ հաճախ քաղաքացիները բողոքում են, որ շատ տեղերում չեն պահվում բոլոր կանոնները։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուրիցս է կախված այդ կանոնների պահպանումը։ կառավարությունը անդադար ամեն տեղ լինել չի կարող և պետք է ամեն մեկն ինքը զգա այդ պատասխանատվությունը և, ի ուրախություն մեզ բոլորիս, կարող եմ ասել, որ մեր մարզում շատ բարձր եմ գնահատում սեփական պատասխանատվության մակարդակը»,-նշեց Դավիթ Գևորգյանը։

Մարզում հիմնական խնդիրները նույնն են, և  ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սոցիալական խնդիրները միշտ եղել են․ «Այս փուլում հատկապես խնդիր ունենք իրարից տարանջատելու առաջին հերթին կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական խնդրները մինչև այդ եղած խնդիրներից։ Հիմա չափազանցրած չեմ լինի,  եթե ասեմ, որ դիմումների, նամակների, օգնության խնդրանքների հոսքը տասնապատկվել է և պարզ է, որ մեր ռեսուրսները սահմանափակ են, այդ պատճառով առաջնահերթություն տալիս ենք հենց վիրուսի հետևանքով սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին»։

Հեռավար կրթության հետ կապված խնդիրների լուծման համար մարզին մինչ այս պահը տրամադրվել է 81 սարք՝ 53 համակարգիչ, 14 նոթբուք, 9 հեռախոս և 5 պլանշետ, բայց առաջիկայում որոշակի խմբաքանակ ևս կտրամադրվի։

Մարզը, որտեղ ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսի միայն մեկ դեպք է արձանագրվել՝ Գեղարքունիքն է. մեզ հետ զրուցեց մարզպետի  տեղակալ Նարեկ Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ այն տնտեսվարողները ովքեր պարետի որոշմամբ  կվերսկսեն իրենց գործունեությունը՝ կլինեն մարզպետարանի անմիջական վերահսկողության ներքո, որպեսզի կանխվի վարակի տարածումը։ 

«Դիմումները շատ են, փորձում ենք արձագանքել բոլորին, որպեսզի չստացվի այնպես, որ մի ընտանիք ստանա աջակցություն, իսկ մյուսը, որ ավելի վատ վիճակում է՝ ոչ։ Մեր մարզ բազմաթիվ օգնություններ եկան, որոնք բնականաբար  բաժանվեցին սոցիալական անապահով ընտանիքներին, որը շարունակական է։ Վերջին անգամ օգնություն տրամադրվեց սահմանամերձ համայնքների շուրջ 100 ընտանիքների»,- ասաց փոխմարզպետը։

Գեղարքունիքում հեռավար կրթության հետ կապված 2 հազար աշակերտ խնդիր է ունեցել, որոնցից որոշակի մասին արդեն իսկ բաժանավել են համակարգիչները․ «Որոշակի մասի մոտ դեռ խնդիրը առկա է, սակայն փորձում ենք ձեռք բերել համակարգիչներ այդ խնդիրը վերջնականորեն լուծելու համար»։

Դիանա Հարությունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել