Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Լուսինե Ն.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա արտերկրում բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ միտումներով, խարդախությամբ, պոռնկության շահագործման դիտավորությամբ հավաքագրել է երեխայի և ՀՀ քաղաքացիների, որոնց ՀՀ պետական սահմանը հատելը կազմակերպելով, փոխադրել է Թուրքիայի Հանրապետություն, որտեղ օգտագործելով հետադարձի ճանապարհածախսի գումար չունենալու, անձնագրերն իրենց մոտ չլինելու առումով վերջիններիս մոտ ստեղծված վիճակի խոցելիությունը, նյութական օգուտ ստանալով, նրանց ենթարկել է սեռական շահագործման:
Լուսինեի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դատական քննության ընթացքում ամբաստանյալ Լուսինե Ն.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց:
Վերը նշված փաստերի հիման վրա դատարանը եկել է այն եզրահանգման, որ Լուսինե Ն.-ն, Հայաստանի Հանրապետությունում հանդիպելով Էլմիրա Ա.-ի և 18 տարին չլրացած Մարիամ Գ.-ի հետ, տեղյակ լինելով նրանց սոցիալապես անապահով վիճակի մասին, առաջարկել է իր հետ գնալ Թուրքիայի Հանրապետություն և այնտեղ նրանց ապահովել վարսահարդարի, ռեստորանի աշխատակցի կամ բնակարան մաքրողի բարձր վարձատրվող աշխատանքներով, որից հետո` 2010 թվականի օգոստոսին Էլմիրա Ա.-ի և Մարիամ Գ.-ի հետ գնացել են Թուրքիայի Հանրապետություն, որտեղ օգտվելով Էլմիրա Ա.-ի և Մարիամ Գ.ի թուրքերեն լեզվին չտիրապետելու, այլ ծանոթ և գումար չունենալու, ինչպես նաև նրանց անձնագրերն իր մոտ պահելու հանգամանքներից, մինչև 2010 թվականի հոկտեմբեր ամիսը նրանց ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ, որի արդյունքում առաջացած գումարները վերցրել է իրեն:
Լուսինե Ն.-ն դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման` պատժի կրման սկիզբը հաշվելով 2011 թվականի հուլիսի 21-ից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net