Չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք,

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Հարգելի´ հայրենակիցներ

Ստորև ներկայացնում ենք քաղվածք Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական փաստաթղթից․

«2020 թվականի մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ՝ COVID-19 կորոնավիրուսի պատճառած սուր շնչառական հիվանդության տարածման կանխարգելման նպատակով։

Սկսյալ 2020 թվականի մարտի 16-ի՝ Կիևի ժամանակով 00 ժամ 01 րոպեից երկու շաբաթ ժամկետով Ուկրաինայի պետական սահմանով չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք, այդ թվում տարանցիկ երթևեկության ռեժիմով։

Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ.

– Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև ընտանիքների անդամներ,

– Ուկրաինայում մշտական կամ ժամանակավոր բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք»։

Վերը բերված տեղեկատվությունը բազմաթիվ բաց հարցեր է թողնում, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել և ձեր ուշադրությանը կներկայացնի հնարավոր սեղմ ժամկետում։ Մասնավորապես, պարզ չէ, թե արդյո՞ք Երևանի ուղղությունը սպասարկող ավիաընկերությունները (MAУ, SkyUp) մարտի 16-ից կամ 17-ից դադարեցնելու են թռիչքները, թե ոչ, քանի որ նախագահ Վ․Զելենսկին իր 13․03․2020թ․ երեկոյան ելույթում նշել է, թե “երեք օրից փակվում են կանոնավոր թռիչքները”, իսկ “Ուկրաինական ավիաուղիներ”-ն առայժմ չեն կարող պատասխանել այդ հարցին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել