Ֆրանսիական մի ամուսնական զույգ, հանդիսանալով «The Vampire Diaries» («Дневников вампира») ֆիլմի մեծ երկրպագուն և տարված լինելով այդ ֆիլմի կերպարներով, որոշել էր իր առաջնեկի անունը դնել Demon, որը թարգմանաբար նշանակում է դև:
Ամուսնական զույգը երեխայի ծնունդը գրանցելու համար այցելել է ակտը գրանցելու իրավասություն ունեցող մարմին (Հայատանում քաղաքացիական կացության ակտերը գրանցում են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինները):
Համապատասխան մարմնի աշխատակիցները, սակայն, հրաժարվել են երեխային գրանցել ծնողների նշած անվամբ` հայտնելով, որ դա խախտում է երեխայի իրավունքները:
Ամուսնական զույգը դիմել է դատարան` Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմնին` երեխային Demon անվամբ գրանցել պարտավորեցնելու պահանջով:
Դատարանը գտել է, որ ծնողներն ազատ են ընտրել իրենց երեխայի համար անուն, և գրանցող մարմինն իրավասու չէ չգրանցել երեխային Demon անվամբ:
Փաստորեն, ֆրանսիայում ծնողն ազատ է իր երեխայի համար անուն ընտրելու հարցում, իսկ այժմ պատկերացնենք նման իրավիճակ Հայաստանում:
Ինչպես արդեն նշվեց, Հայաստանում գրանցման ենթակա քաղաքացիական կացության ակտերը գրանցվում են ՔԿԱԳ մարմինների կողմից:
Ծնողներն իրենք են որոշում` ինչ անուն տալ իրենց երեխային: ՔԿԱԳ տարածքային բաժիններում կան անունների գրքեր, որոնք կարող են օգնել ծնողներին երեխայի համար անուն ընտրելու հարցում:
«Պետք է սակայն իմանալ, որ ՔԿԱԳ մարմնի աշխատակիցն իրավասու չէ պարտադրել ընտրել այս կամ այն անունը, քանզի Հայաստանում ևս ծնողն ազատ է երեխային անուն ընտրելու հարցում, ՔԱԿԳ մարմնի աշխատակիցը կարող է միայն խորհուրդ տալ կամ օգնել կողմնորոշվել անվան հարցում, բայց պարտադրել ընտրել որևէ անուն կամ չգրանցել երեխային արդեն իսկ ընտրված անվամբ, գրանցող մարմինն իրավասու չէ»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում. «Նման խնդիր առաջանալու դեպքում ծնողը կարող է դիմել ՀՀ վարչական դատարան` ՔԿԱԳ մարմնին ակտը գրանցել պարտավորեցնելու պահանջով»:
Հ.Գ. Ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս երեխային անուն ընտրելիս լավ մտածել, ընտրել ճիշտ անուն, քանի որ կա տեսակետ, որ անունը պայմանավորում է անձի հետագա կյանքը:
Աղբյուրը` Իրավաբան.net