Այսօր` փետրվարի 12-ին, ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում պետք է կայանար վարչական գործն ըստ հայցի Ելենա Բաբայանի ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի` 27.12.2011թ. Գյումրու քաղաքապետի թիվ 5250-Ա որոշումն (որով հասցեավորվել է հայցվորի սենյակը սույն գործով երրորդ անձի անունով) անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատական նիստին ներկա էին հայցվորը, վերջինիս ներկայացուցիչը, գործով երրորդ անձ Ռազմիկ Բաբայանը և վերջինիս ներկայացուցիչը: Ներկա չէր Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչը, ով ըստ դատարանի հայտարարության դատական նիստի օրվա, վայրի և ժամի մասին պատշաճ ծանուցված է եղել:
Դատարանը պարզեց կողմերի դիրքորոշումը նիստը քաղաքապետարանի ներկայացուցչի բացակայությամբ անցկացնելու համար: Հայցվորը պնդեց, որ առանց քաղաքապետարանի ներկայացուցչի ինքը համաձայն չէ շարունակել գործի լսումը:
Դատարանը բավարարեց հայցվորի միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը: Իսկ դատական նիստի օրվա, վայրի և ժամի մասին լրացուցիչ կծանուցվեն կողմերը:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net