Մանկատան նախկին տնօրենը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, գլխավոր հաշվապահը և հաշվապահը ևս մեղավոր են ճանաչվել

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու գործով մեղավոր են ճանաչվել հաստատության նախկին տնօրեն Հասմիկ Մկրտչյանը, գլխավոր հաշվապահ Քրիստինա Պողոսյանը և հաշվապահ Լիդա Սարգսյանը:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ըստ դատավճռի՝ դատարանն ապացուցված է համարվել այն, որ 2006-2016 թթ.-ին զբաղեցնելով մանկատան տնօրենի պաշտոնը՝ Հ. Մկրտչյանը նախնական համաձայնություն ձեռք բերելով հաշվապահ Լ. Սարգսյանի հետ, տարբեր հաստիքներում 31 մարդու է գրանցել, և նրանց անվամբ աշխատավարձ ձևակերպելով՝ մանկատնից յուրացվել է շուրջ 34 մլն դրամից ավել գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, վճռել է մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում՝ 5 տարի 6 ամիս ժամկետով և տուգանք՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի՝ 600.000 դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով:

Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նրա նկատմամբ սահմանել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Մանկատան հաշվապահ Լիդա Սարգսյանը մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափով յուրացում կատարելուն օժանդակելը) և դատապարտվել ազատազրկման 5-ական տարի ժամկետով, պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու երկու այլ դրվագներով Սարգսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել յուրաքանչյուրի համար նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 դրամի չափով, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դրվագով 2 տարի ժամկետով զրկվել պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, հաշվապահությամբ զբաղվելու իրավունքից:

Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված՝ պատիժները մասնակիորեն և լրիվ գումարելու կանոնների կիրառմամբ Լիդա Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 5 տարի 3 ամիս ժամկետով և տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի՝ 400.000 դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, հաշվապահությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով:

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ Լիդա Սարգսյանը նշանակված վերջնական հիմնական պատիժներից ազատվել է, և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Մանկատան գլխավոր հաշվապահ Քրիստինա Պողոսյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, հաշվապահությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացում կատարելուն օժանդակելու վերաբերյալ մեկ այլ դրվագով Պողոսյանը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի՝ 700.000 դրամի չափով:

Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված՝ պատիժները լրիվ գումարելու կանոնի կիրառմամբ, Քրիստինա Պողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկի՝ 900.000 դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպությունում, հաշվապահությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով և համաներում հայտարարելու մասին օրենքի կիրառմամբ Պողոսյանը ևս ազատվել է պատժի կրումից, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, նույնպես թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Լուսանկարում Հասմիկ Մկրտչյանն է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել