Այսօր` փետրվարի 6-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ և «Ջի Էյջ ստորիջ էնթերփրայզս» ընկերության տնօրեն, բարեգործ Նարեկ Հարթունյանին մեղսագրված արարքի` հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: Մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանին և աշխատակից Անի Մնացականյանին:
Նշենք, որ Պետեկամուտների կոմիտեն «Ջի Էյջ ստորիջ էնթերփրայզս» ընկերությունում ստուգումներ էր իրականացրել եւ հայտնաբերել 111 միլիոն դրամի չափով չկատարված հարկային պարտավորություններ: Հարթունյանն ընդհանրապես չի ընդունում մեղադրանքները: Իր մեկնաբանությամբ` նա պարզել է, որ ընկերության նախկին տնօրեն Սեւակ Արծրունին չարաշահել է իր լիազորությունները եւ Հարթունյան ընտանիքի վստահությունը: Ոստիկանությունից եւ 6-րդ վարչությունից սկսել են առավել հաճախ անհանգստացնել Հարթունյանին, երբ նա ընկերության նախկին տնօրեն Սեւակ Արծրունուն զրկել է լիազորություններից, ով միլիոնավոր դոլարների յուրացումներ էր կատարել:
Նարեկը հանգամանքների բերումով ստանձնել է ղեկավարի պարտականությունները եւ պարզել, որ կան չարաշահումներ: Այդ պահից սկսած` նախկին ղեկավարի լիազորված անձին ներկայացրել է արդարացված պահանջ` վերադարձնել գողացածը: Նարեկը փորձում էր այդ ամենը պետական մարմինների համար բացահայտել: Սակայն արգելանք է դրվել Հարթունյանների ունեցվածքի, այնուհետեւ ընկերության հաշիվների վրա:
Դատական նիստին մասնակցող կողմերն էին մեղադրող Բ.Պետրոսյանը, մեղադրյալներ Նարեկ Հարթունյանը, Արթուր Գալստյանը և Անի Մնացականյանը, պաշտպաններ Հայկ Ալումյանը, Գևորգ Չաքմիշյանը և Անի Թորոսյանը: Նախագահող դատավոր է Ալեքսանդր Ազարյանը:
Ամբաստանյալ Արթուր Գալստյանի պաշտպան Գևորգ Չաքմիշյանը միջնորդեց դատարանին նշանակել կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն, որի շուրջ որոշում կայացնելը դատավորը հետաձգեց մինչև ամբաստանյալ Արթուր Գալստյանի հարցաքննությունը:
Ամբաստանյալ Արթուր Գալստյանի ցուցմունքներից հետո, որի ժամանակ վերջինս ներկայացրեց նոր փաստաթղթեր, դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչև 2013թ. փետրվարի 14-ը` հիմք ընդունելով ներկայացված նոր փաստաթղթերը, ինչպես նաև հնարավորություն տալով մեղադրող կողմին նախապատրաստվել հարցադրումներին:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ թեև ցուցմունք տալուց հետո ամբաստանյալ Արթուր Գալստյանը դատարանում հայտարարեց, որ, օգտվելով իր դատավարական իրավունքից, որևէ հարցի չի պատասխանելու, քանի որ իր ցուցմունքներով ամեն ինչ հայտնել է, այնուամենայնիվ դատարանը հետաձգեց գործի քննությունը` դատախազին հնարավորություն տալով առաջադրել իր հարցերը:
Ավելացնենք, որ համաձայն անմեղության կանխավարկածի սկզբունքի անձն անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հանրային թղթակից` Հովհաննես Մկրտչյան
Աղբյուրը` Իրավաբան.net