Այսօր` փետրվարի 5-ին, շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետի «փեսային»` Կարեն Եսայանին սպանելու մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի քրեական գործի քննությունը:
Այսօր դատական նիստերի դահլիճ մուտք գործելու համար անհրաժեշտ էր ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթ:
Դատական նիստը երկու անգամ 30 րոպեով հետաձգվեց` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բացակայության պատճառով:
Դատարանը հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան գրությամբ սույն քրեական գործին որպես մեղադրող համատեղ պետք է մասնակցի նաև Շիրակի մարզի դատախազության դատախազ Մ. Սալոյանը:
Դատական նիստին ներկա էին մեղադրող Ա. Մարուխյանը, տուժողի իրավահաջորդ Անաահիտ Իսկանդարյանը, վերջինիս ներկայացուցիչ Ա. Մելքոնյանը և փաստաբան Վարդուհի Էլբակյանը, ներկա էին նաև ամբաստանյալը` հատուկ դասակի ուղեկցությամբ, և վերջինիս պաշտպանները:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր ամբաստանյալի միջնորդությամբ` վերջինիս պաշտպանների ներկայությունը ապահովելու կապակցությամբ: Եվ ինչպես նախորդ դատական նիստի ժամանակ, այսօր էլ ամբաստնյալը չպատասխանեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի այն հարցին` թե արդյոք ամբաստանյալը ծառայել է Ազգային բանակում: Ամբաստանյալը հայտարարեց, որ օգտվելով իր դատավարական իրավունքից չի պատասխանում հարցին և ավելացրեց, որ բանակում ծառայելու վերաբերյալ քրեական գործում առկա է համապատասխան տեղեկանք:
Ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարանին ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնել, քանզի վերջինիս ներկայացրած միջնորդության համաձայն` կալանավորումը ապօրինի է: Միջնորդությունում, մանրամասն նշելով խափանման միջոցի ապօրինի լինելու մասին, թե’ ազգային օրենսդրությունից, թե’ միջազգային պայմանագրերից և թե’ եվրոպական և վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից, ավելացրեց, որ ինչպես միջնորդությունում է նշված` խափանման միջոցի ապօրինի լինելու մասին մանրամասն ու պատճառաբանված, այնպես էլ դատարանից ակնկալում են պատճառաբանված որոշում: Եվ միջնորդեց իր վստահորդին անհապաղ ազատ արձակել:
Մեղադրանքի կողմը փաստաբանի միջնորդությունը համարեց անհիմն: Մեղադրող Սալոյանը հայտարարությամբ հանդես եկավ և նշեց, որ դատարանին պարտադրել չի կարելի:
Դատարանը ամբաստանյալի պաշտպանի միջնորդության կապակցությամբ, որոշում կայացնելու համար, հեռացավ խորհրդակցական սենյակ` առանց կոնկերտ ժամանակ հայտարարելու: Դատարանը խորհրդակցական սենյակում էր շուրջ երկու ժամ:
Դատարանը հրապարակեց որոշումը` ամբաստանյալ Հարություն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին պաշտապանի միջնորդությունը մերժելու մասին:
Մինչև դատաքննությունը սկսելը, ամբաստանյալի պաշտպանը, ով այսօր էր ներգրավվել որպես պաշտպան, դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել քրեական գործին ծանոթանալու համար:
Դատարանը, լսելով կողմերի կարծիքը, որոշում կայացրեց դատական նիստն հետաձգել սույն թվականի փետրվարի 27-ը ժամը 12:00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net