Վկաների ցուցմունքները ապահովեցին ամբաստանյալի այլուրեքությունը

Այսօր` փետրվարի 1-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց հարևանուհուն ծեծելու մեջ մեղադրվող Դ. Մանուկյանի քրեական գործի քննությունը: Այսօր ևս հարցաքննվեցին վկաներ, որոնց ցուցմունքերով հաստատվեց Դ. Մանուկյանի այլուրեքությունը, մասնավորապես, որ վերջինս դեպքի օրը` 2012թ. հուլիսի 25-ին ժամը 17:30-17:40-ի սահմաններում չի գտնվել տանը, չի տեսել տուժողին, այլ գտնվել է ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում և փաստաթուղթ վերցրել դատարանից:

 

Տուժող` Կ. Մարտիրոսյանի պաշտպանը դատարանին ներկայացրեց միջնորդություն` դեպքի օրը կատարված հեռախոսազանգերի վերծանման վերաբերյալ և վերծանումը կից միջնորդությանը ներկայացրեց դատարանին:

 

Դ. Մանուկյանի պաշտպան Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանն առարկեց միջնորդության կապակցությամբ, քանի որ վերծանումը ուղղակի հեռախոսահամարներ են, ոչ թե հեռախոսային խոսակցություններ: Ինչպես նաև նշեց, որ սույն քրեական գործում առկա է տեղեկանք, տրված ոստիկանության համապատասխան բաժանմունքից առ այն, որ դեպքի օրը 2012թ. հուլիսի 25-ին 17:40-ի սահմաններում ոստիկանության բաժանմունք սույն գործով որևէ մեկը չի զանգահարել և ոչ ոք հաղորդում չի տվել դեպքի կապակցությամբ: Պաշտպանը միջորդեց դատարանին հեռախոսահամարների վերծանումը որպես ապացույց չգնահատել:

 

Մեղադրողի խնդրանքով դատական նիստը հետաձգվեց 15 րոպեով, սակայն այն տևեց մոտ մեկ ժամ, ուստի Դ. Մանուկյանի փաստաբանը, ով բնակվում է Երևանում, հաշվի առնելով եղանակային պայմանները, միջնորդություն ներկայացրեց դատարանի գրասենյակ` նիստը հետաձգելու վերաբերյալ:

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել