Նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում:
Նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր: Եթե կասկած կա պայմանագրով հասանելիքի հաշվին կողմի վճարած գումարի նախավճար լինելու հարցում` ներառյալ համաձայնության գրավոր կարգը չպահպանելու դեպքում, այդ գումարը համարվում է կանխավճար (ավանս), եթե այլ բան ապացուցված չէ:
Մինչև պարտավորության կատարումն սկսելը, կողմերի համաձայնությամբ կամ կատարման անհնարինության հետևանքով պարտավորությունը դադարելու դեպքում նախավճարը պետք է վերադարձվի:
Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար տված կողմը, այն մնում է մյուս կողմին: Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար ստացած կողմը, նա պարտավոր է մյուս կողմին վճարել նախավճարի գումարի կրկնապատիկը:
Պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու կողմը պարտավոր է նաև մյուս կողմին հատուցել վնասները` նախավճարի գումարի հաշվանցմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
ՀՀ օրենսդրությունը չի սահմանում կանխավճար հասկացությունը: Սակայն քաղաքացիաիրավական նորմերի համակարգային վելուծությունից կարելի է ասել, որ կանխավճարը որոշակի դրամական կամ այլ գույքային արժեք է, որը փոխադարձ պարտավորությունների առկայության դեպքում (որոնցից մեկը դրամային կամ գույքային պահանջ է), պարտապանը վճարում է պարտատիրոջը մինչև հանդիպակաց պարտավորության կատարումը` ի կատարումն պարտավորության:
Ի տարբերություն նախավճարի, կանխավճարը տրվում է միայն ի կատարումն պայմանագրի, սակայն ոչ ի հավաստումն պայմանագրի կնքման: Պայմանագրի չկատարման դեպքում կանխավճարը ենթակա է վերադարձման նույն չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net