Արդարադատության նախարարությունը հնարավորինս կարճ ժամկետներում կթարգմանի Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ բացատրական զեկույցը:
Այս մասին, ի պատասխան Իրավաբան.net-ի հարցին, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել էր օգոստոսի 1-ին՝ 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային ամփոփիչ քննարկումից առաջ:
«Դեռ չեմ խոսել մեր թարգմանչական կենտրոնի հետ, որ հասկանամ, թե իրենք ֆիզիկապես երբ պատրաստ կլինեն, բայց կարճ ժամկետներում»,-նշել էր նախարարը։
Նշենք, որ Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ Կարեն Զադոյանը ՀԽ նիստի ժամանակ բարձրաձայնել էր խնդրի մասին, այնուհետև հարցի վերաբերյալ գրավոր դիմել խորհրդին, որից հետո՝ հուլիսի 31-ին, Հանրային խորհուրդը հայտարարություն էր տարածել այն մասին, որ խորհրդի նախկին նախագահը՝ Վազգեն Մանուկյանը, դիմել է նախարարություն՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ բացատրական զեկույցը թարգմանելու խնդրանքով:
Օգոստոս ամսից արդեն անցել է շուրջ 3 ամիս, այնինչ զեկույցի թարգմանությունը դեռ չի հրապարակվել։
Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցման, Արդարադատության նախարարությունից հայտնել են․
«Կանանց նկատմամաբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի» բացատրական զեկույցի թարգմանությունը գտնվում է վերջնականացման փուլում և պատրաստ լինելուն պես հասանելի կլինի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։