Ազգային ժողովում չեն իմացել, թե ՀՀ-ում Չեխիայի որ դեսպանի հետ է հանդիպում Արարատ Միրզոյանը

Ազգային ժողովի պաշտոնական կայքը այսօր 14։49 րոպեին մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է․ «Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկային»։

Իրավաբան․net-ը անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ-ում Չեխիայի դեսպանը Միկիսկան չէ, այլ Բեդրիխ Կոպեցկին է։

Այսինքն, Արարատ Միրզոյանը երկու երկրների համար բազմաթիվ ուղղություններով աշխատելու վստահություն է հայտնել ոչ թե Պետր Միկիսկային, այլ Կոպեցկիին։

Պետր Միկիսկան այժմ Վրաստանում Չեխիայի դեսպանն է։ Նա ՀՀ-ում Չեխիայի դեսպանն է եղել 2015 – 2019 թվականներին։

Իսկ Բեդրիխ Կոպեցկին 2019 թվականի հուլիսի 18-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և ստանձնել ՀՀ-ում Չեխիայի դեսպանի պաշտոնը։

15։25-ին Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակման վերնագիրը, նյութում դեսպանի անունը և ազգանունը փոխվեցին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել