Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել։

Այս մասին Իրավաբան․նեթ-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, որ դիմումը ներկայացվել է սեպտեմբերի 11-ին։

Նրա խոսքով, դիմումը կքննարկվի 80-օրյա ժամկետում։

Նշենք, որ նա ազատազրկված է արդեն 20 տարի։

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց հարձակում՝ հերթական նստաշրջանի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ: Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերևարվել։

Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ, այդ թվում Նաիրի Հունասնյանը դատապարտվել է  ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել