ԵՊՀ-ն աջակցելու է հաշմանդամություն ունեցող իր բոլոր ուսանողներին

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ այսուհետ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ԵՊՀ ուսանողներին տրամադրվելու է մասնագիտական աջակցություն: Այս մասին տեղեկացնում են ԵՊՀ մամուլի կենտրոնից։

Ըստ այդ հրամանի՝ տեսողական և լսողական զգայարանների խանգարումներ ունեցող ուսանողների դասապատրաստմանն աջակցելու և համալսարանի տարածքում նրանց ուղեկցելու նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով համապատասխան ֆակուլտետին է հատկացվելու 400 հազար դրամ, իսկ հենաշարժողական խանգարումներ ունեցող ուսանողներին համալսարանի տարածքում ուղեկցելու համար յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով համապատասխան ֆակուլտետին է հատկացվելու 200 հազար դրամ:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ասաց, որ ներառականությունն այսօր կարևոր է բոլոր մակարդակներում՝ սկսած մանկապարտեզներից. «Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդիկ անպայման պետք է ներգրավված լինեն կրթության գործընթացին և ունենան հավասար պայմաններ: ԵՊՀ-ն, հասկանալով և հավաքագրելով այդ ոլորտի կարիքները, արեց առաջին քայլը, ինչը կնպաստի հաշմանդումաթյուն ունեցող ուսանողների համար կրթությունն ավելի մատչելի դարձնելուն»:

Ի դեպ, ըստ հրամանի՝ սահմանվում է, որ հենաշարժողական խանգարումներ ունեցող ուսանողներին համալսարանի տարածքում ուղեկցելու համար աջակցող օղակի անդամ կարող են դառնալ նաև ուսանողները: Ըստ Էլինա Ասրիյանի՝ այդ որոշումը կարևոր էր նաև ուսանողների սոցիալական ներգրավածության տեսանկյունից. «Ներառականության գաղափարախոսությունը ենթադրում է, որ բոլորը պետք է ներգրավվեն գործընթացին: Բացի դրանից՝ այս գործընթացն ուսանողի ներգրավվածությունը հնարավորություն կտա օգտվելու կրթաթոշակից և զեղչերից»:

ԵՊՀ պրոռեկտորը փաստեց, որ այս պահին հավաքագրվում է ամբողջ տեղեկատվությունը, որը վերաբերում է այս խնդրին. «Ամբողջական տեղեկատվություն ստանալուց և կարիքները գնահատելուց հետո մենք արդեն կկարողանանք մշակել համապատասխան քաղաքականություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել