ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ.Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաև Ա.Հակոբյանի գլխին հասցված հարվածը պատճառվել են 2003թ. ծնված երիտասարդի կողմից:
Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: Վերջիններս ձերբակալվել են:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, որից հետո նկատվել են ոստիկանների կողմից և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Երիտասարդների կողմից առերևույթ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել է գեղեցկության սրահի սեփականատերը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները գողոնը թաքցրել են կամուրջներից մեկի տակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ ոստիկանության