ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 9 վաստակավոր գործիչների, երգիչ-երգչուհիների ուղարկվել է նամակ՝ եկամուտները հայտարարագրելու հորդորով:
Նշված 9-ից 5-ը հայտարարագրել են իրենց եկամուտները, մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, մեկի հանդեպ նախնական հաշվարկ է կատարվում, հավանաբար նոր քրեական գործ կհարուցվի:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ մնացած երկուսն արտասահմանում են, գալու են և հայտարարագրեն իրենց եկամուտները․ «Կապ են հաստատել մեզ հետ, ասել են՝ մեր նամակի հետ կապված որոշակի անհամաձայնություններ ունեն, բայց կգան կքննարկեն և եթե կպարզվի, որ հայտարարագրման ենթակա գումար կա, իրենք կհայտարարագրեն»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018 թվականին պետությանը հարկ չեն վճարել և ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն և Արման Հովհաննիսյանը:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: