«Երեխայի իրավունքների մասին» գործող օրենքի համաձայն՝ երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով:
Երեխայի ձերբակալման կամ կալանավորման մասին անհապաղ հայտնվում է ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:
Ազատազրկման դատապարտված յուրաքանչյուր երեխա ունի օրենքով սահմանված կարգով ազատազրկման դատավճիռը բողոքարկելու իրավունք:
Արգելվում է երեխային չափահասների հետ միասին կալանքի տակ պահելը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում երեխային քրեական պատասխանատվության ենթարկելիս փաստաբանի (հոգեբանի, մանկավարժի) ներկայությունը հետաքննության, նախաքննության և դատաքննության ընթացքում պարտադիր է:
Երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:
Արգելվում է որպես վկա ցուցմունքներ վերցնելու կամ սեփական հանցանքը խոստովանելու համար երեխայի նկատմամբ բռնության, սպառնալիքի և այլ ապօրինի գործողությունների կիրառումը: