9-րդ դասարանցիները զանգել են ոստիկանություն ու հայտնել՝ դպրոցում ռումբ կա տեղադրված

Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 9-ին Արատակարգ իրավիճակների նախարարությունում  ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 10.39-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
Մեկնել են արագ արձագանքման բոլոր ծառայությունները, կազմակերպվել է աշակերտների և ուսուցչական կազմի տարհանում, տարածքը շրջափակվել է, հրավիրված սակրավորները դպրոցում և կից կառույցներում իրականացրել են որոնողական աշխատանք: Ոչինչ չի հայտնաբերվել:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի բաժնի և ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը, ժամը 16-ին բաժին են ներկայացրել նույն դպրոցի իններորդ դասարանի երեք աշակերտի: Տղաները հայտնել են, որ դասապրոցեսը ընդհատելու նպատակով են զանգահարել 1-02 ծառայություն և հայտնել, թե իբր դպրոցում ռումբ է տեղադրված:
Անչափահասները հանձնվել են ծնողներին:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել