Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է կյանքի 87-րդ տարում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Ժակ Շիրակը մահացավ այս առավոտ՝ իր սիրելիների շրջապատում», – ասաց նրա փեսան, Ֆրեդերիկ Սալա-Բարուն:
Հիշեցնենք, որ ուսումն ավարտելուց հետո նա դարձել է պետական ծառայող (Հաշվիչ պալատի աուդիտոր, 1959 թվական), ապա սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Երիտասարդ տարիքում տարված է եղել կոմունիստական գաղափարներով:
1962 թվականին զբաղեցրել է իր առաջին քաղաքական պաշտոնը՝ Սան-Ֆերեոլի մունիցիպալ խորհրդական, այնուհետև զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, իսկ նախագահ Ժիսկար դ’Էստենի օրոք՝ Ֆրանսիայի վարչապետի: 1988 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և պարտվել Միտերանին: Իսկ 1995 թվականի ընտրություններում նրա մասնակցությունը հաջողությամբ է պսակվել:
Ժակ Շիրակն ընտրվել է Ֆրասիայի նախագահ 1995 թվականին և այդ պաշտոնում աշխատել է 12 տարի: Ժակ Շիրակը իր ծավալած գործունեության համար արժանացել է ֆրանսիական և արտասահմանյան բազմաթիվ պարգևների: