Ռուսաստանի մշակութային գործիչներն իրենց աջակցություն են հայտնում դերասան Պավել Ուստինովին: Նրանք սոցիալական ցանցերում կոչ են անում անհապաղ ազատ արձակել նրան՝ համոզմունք հայտնելով, որ օգոստոսի 3-ին բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված 24-ամյա դերասանի դեմ հարուցված քրեական գործը շինծու է:
Այս մասին հայտնում է ռուսական Дождь-ը:
Ինքը Ուստինովը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ ցույցի վայրում պատահական է հայտնվել:
Հիշեցնենք, որ դատարանը երեք տարի և վեց ամսվա ազատազրկման է դատապարտել դերասանին՝ «Ռոսգվարդիա»-ի աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Սակայն ձերբակալության տեսնյութը դատարանում չի ուսումնասիրվել: Դրանում երևում է, թե ինչպես է երիտասարդը հեռախոսը ձեռքին հանգիստ կանգնած և հանկարծ նրան են մոտենում «Ռոսգվարդիա»-ի հինգ աշխատակիցներ և սկսում քաշքշել: Ուստինովն ընկնում է գետնին, իսկ իրավապահները նրան փայտե մահակներով ծեծում են ու բերման ենթարկում:
Ուստինովը չի դիմադրում:
Պաշտպանական կողմն արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի դատավճիռը: