Շվեյցարիայի խորհրդարանում կողմ են քվեարկել, որպեսզի նորածինների ծննդից հետո, նրանց խնամքի համար հայրերին թույլատրվի երկշաբաթյա արձակուրդ ստանալ:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ, Եվրոպական խորհրդարանը հայտարարել էր, որ նրանք և Եվրահանձնաժողովի խորհուրդը հավանություն են տվել, որպեսզի ԵՄ անդամ երկրներում երեխայի ծննդից հետո նրանց խնամելու համար հայրերին աշխատանքային տաս օրվանից ոչ պակաս պարտադիր մեկանգամյա արձակուրդ տրամադրվի: ԵՄ շատ երկրներում է այն օրինականացված, սակայն տարբեր են արձակուրդի և նպաստի տրամադրման ժամկետներն ու չափը: Շվեյցարիան, որը ԵՄ անդամ պետություն չէ, չունի նման իրավակարգավորում:
Նշվում է, որ երկշաբաթյա արձակուրդի տրամադրմանը կողմ քվեարկել է 129 անձ, իսկ 62-ը չեն քվեարկել, որոնցից մեկը եղել է ձեռնպահ:
«Ռիա Նովոստի»-ն հաղորդում է, որ Շվեյցարական «ՌՏՍ» հեռուստաընկերության տվյալներով, այդ իրավակարգավորման համար պահանջվել է 20 տարի:
Ի դեպ, գործող օրենսդրությամբ հայրը մեկ օր արձակուրդ է ստանում երեխայի ծննդի օրը և երբ երեխան տեղափոխվում է տուն:
Նոր նախաձեռնության համաձայն, արձակուրդը կարող է հայրը ստանալ երեխայի ծննդից հետո վեց ամսվա ընթացքում՝ ամբողջական կամ մաս-մաս:
Տասնօրյա արձակուրդի տրամադրման համար տարեկան պահանջվելու է 230 միլիոն շվեյցարական ֆրանկ: Մեկ օրվա նպաստը կկազմի 196 ֆրանկ, որը գրեթե համարժեք է նույնքան ԱՄՆ դոլարին: