Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մի մասը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի՝ նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հավանությանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով նախատեսվում է թույլատրել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը  իրեն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված քաղաք Երևան, Կենտրոն, Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ.մետր և 9-րդ հարկից 529.4 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ` նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով:

Նախագծով սահմանվել է, որ.

1) վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3.000 000  ՀՀ դրամ, որի 20% ուղղվում է Կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80% ՀՀ պետական բյուջե,

2) Ընկերությունը պարտավորվում է սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն. ՀՀ դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:

Ընկերությունը պարտավորվելու է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ նախատեսված ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում:

Ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքում Ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 % չափով:

Նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, Ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջու­թյամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 % չափով:

Ընկերության կողմից կատարված անբաժանելի բարելավումների արժեքը չի հատուցվում:

Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմա­նա­գիրը կարող է լուծվել,

Պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Ընկերության միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել