Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է երաշխավորման ֆոնդին կատարվող վճարների իրականացումը դադարեցնել

Կենտրոնական բանկի խորհրդի օգոստոսի 2-ի որոշմամբ՝ նպատակ ունենալով ձևավորված խնայողությունների միջոցով ապահովել ԱՊՊԱ ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը` միևնույն ժամանակ չվտանգելով Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը և ԱՊՊԱ համակարգի կայունությունը, կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է երաշխավորման ֆոնդին կատարվող 2019 թվականի երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակների և 2020 թվականի առաջին եռամսյակի վճարների իրականացումը դադարեցնել:

Դադարեցումից հետո առաջին վճարումը կատարվելու է 2020 թվականի 2-րդ եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Որոշումն ուժի մեջ է մտնում օգոստոսի 25-ին։

Նշենք, որ երաշխավորման ֆոնդն ԱՊՊԱ մասին օրենքի համաձայն ստեղծված ֆոնդ է, որի կառավարիչն է Հայաստանի ապահովագրողների բյուրոն և որի նպատակն է օրենքով սահմանված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցել տուժած անձանց պատճառված վնասները:

Երաշխավորման ֆոնդը գոյանում է բյուրոյի անդամների կողմից կատարվող միանվագ, պարբերական և լրացուցիչ վճարներից, օրենքով սահմանված այլ ձևերով ներդրված միջոցներից, ինչպես նաև այն ակտիվներից, որոնցում ներդրվել են դրանք, և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտներից:

Երաշխավորման ֆոնդի միջոցները սեփականության իրավունքով պատկանում են բյուրոյին: Դրանք կարող են օգտագործվել բացառապես Երաշխավորման ֆոնդի համար օրենքով սահմանված նպատակներով և դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել