Նոր հրաման` ՔԿԱԳ կալանավորված անձի հետ ամուսնության դիմում ներկայացնելու մասին

Արդարադատության նախարար` Ռուստամ Բադասյանը, հուլիսի 11-ին հրաման է ստորագրել քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 11-ին:

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» N 97-Ն հրամանում լրացում է կատարվել:

  • Կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ ամուսնանալ ցանկացող անձը ամուսնության մասին համատեղ դիմում  է ներկայացնում իր մշտական բնակության վայրի կամ պատիժները կատարող մարմինների և հիմնարկների գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:
  •  ՔԿԱԳ տարածքային բաժինը դիմումում և դիմողի ինքնությունը հաստատող փաստաթղթում նշված տեղեկությունները համեմատում է, հաստատում նրա ստորագրությունը ու դիմումը վերադարձնում է դիմումատուին` այն քրեակատարողական հիմնարկ ուղարկելու և ազատազրկված անձին հանձնելու նպատակով:
  • Դիմումն ստանալուց հետո քրեակատարողական հիմնարկն այն հանձնում է ազատազրկված անձին: Ամուսնության փոխադարձ համաձայնության դեպքում ազատազրկված անձը լրացնում է դիմումի այն մասը, որը վերաբերում է իրեն: Դիմումի մեջ բացակայող տեղեկությունները լրացնելուց հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումում նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերում նշված տեղեկությունների հետ, հաստատում է նրա ստորագրությունը և այն ուղարկում է քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին: Եթե ազատազրկված անձի անձնական գործում տեղեկություններ չկան նրա ընտանեկան դրության մասին կամ որոշ տեղեկություններ թերի են, միմյանց հակասող, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դրանք պահանջելու կամ ճշտելու ուղղությամբ:
  • Եթե ազատազրկված անձը ցանկանում է ամուսնանալ, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պետք է նրան տրամադրի դիմումի ձև: Ազատազրկված անձի կողմից դիմումի՝ իրեն վերաբերող մասը լրացնելուց հետո, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերի հետ և հաստատում նրա ստորագրությունը: Ազատազրկված անձի ստորագրությունը հաստատելուց հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից դիմումն ուղարկվում է այն անձին, որի հետ ազատազրկված անձը ցանկանում է ամուսնանալ՝ միաժամանակ հայտնելով քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը և գտնվելու վայրը, որտեղ կարող է կատարվել ամուսնության գրանցումը:
  •  Ամուսնության փոխադարձ համաձայնության դեպքում դիմում ստացող անձը լրացնում է դիմումի այն մասը, որը վերաբերում է իրեն և հանձնում իր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին կամ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:
  • Քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժինը, ընդունելով դիմումը, նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը և այդ մասին նախապես իրազեկում ամուսնացող անձանց:
  •  Ազատազրկված անձի հետ ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայությամբ, քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում:
  •  Ազատազրկված անձի հետ ամուսնացած անձին ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից տրվում է ամուսնության վկայական:
  • Ազատազրկված անձի անձնական գործում ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից նշում է կատարվում ամուսնության գրանցման մասին, ամուսնու անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան ժամանակը, ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը և ամուսնությունը գրանցելու ժամանակը:
  • Եթե ազատազրկված անձն ամուսնանալիս ընտրել է ամուսնու ազգանունը, ապա անձնական գործում ամուսնության գրանցման վերաբերյալ նշման տակ կատարվում է համապատասխան գրառում: Այդ դեպքում ազատազրկված անձի անձնագրի առաջին էջում նշում է կատարվում, որը հաստատվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի կլոր կնիքով:
  •  Ազատությունից զրկված անձանց միջև ամուսնությունը գրանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից ընտրված՝ ամուսնությունը գրանցող ՔԿԱԳ համապատասխան տարածքային բաժնի կողմից՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկների ղեկավարների համաձայնությամբ ընտրված քրեակատարողական հիմնարկում:
  • Ազատազրկված անձանց կողմից ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնության դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը նրանց տրամադրում է դիմումի ձև, որի մեջ պետք է հաստատվի՝ 1) ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնությունը,2) ամուսնական տարիքի հասնելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,3) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված՝ ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության փաստը:
  •  Ազատազրկված անձի կողմից դիմումի՝ իրեն վերաբերող մասը լրացնելուց հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերի հետ և հաստատում նրա ստորագրությունը: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումը ամուսնացող ազատազրկված անձին հանձնելու նպատակով ուղարկում է վերջինիս պահման վայրի քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:
  •  Ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնության դեպքում սույն հավելվածի 32-րդ կետում նշված դիմումն ստացող ազատազրկված անձը լրացնում է դիմումի այն մասը, որը վերաբերում է իրեն: Ազատազրկված անձի կողմից դիմումի՝ իրեն վերաբերող մասը լրացնելուց հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերի հետ և հաստատում նրա ստորագրությունը:
  • Դիմումին կից պետք է ներկայացվեն «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերը։
  •  Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումը և սույն հավելվածի 35-րդ կետով սահմանված կից փաստաթղթերը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է գործակալություն:
  • Դիմումն ընդունված է համարվում գործակալություն մուտքագրվելու օրը:
  •  Գործակալությունը, ստանալով դիմումը և կից փաստաթղթերը, ստուգում է դրանց ամբողջականությունն ու ճշտությունը:
  • Գործակալության պետը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի առաջարկության հիման վրա ընտրում է ՔԿԱԳ համապատասխան տարածքային բաժինը, որը գրանցում է ամուսնությունը:
  •  ՔԿԱԳ համապատասխան տարածքային մարմինը, ընդունելով դիմումը և կից փաստաթղթերը, նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը, վայրը և այդ մասին նախապես իրազեկում ամուսնացող անձանց: Քրեակատարողական համապատասխան հիմնարկի վարչակազմն ապահովում է ամուսնացող անձանց ներկայությունը այն քրեակատարողական հիմնարկում, որտեղ պետք է իրականացվի ամուսնության պետական գրանցումը:
  •  ՔԿԱԳ համապատասխան տարածքային մարմնի կողմից ազատազրկված անձանց ամուսնության պետական գրանցումից հետո ամուսնացած անձանցից մեկին տրվում է ամուսնության վկայական:
  •  Սույն հավելվածի 21-30-րդ կետերով սահմանված դրույթները տարածվում են ազատազրկման վայրերում պահվող անձանց միջև ամուսնության գրանցման վերաբերյալ դրույթների վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են:»:
  •  Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի ապրիլի 2-ի «Ազատազրկման վայրերում պահվող անձանց հետ ամուսնության գրանցման կարգը սահմանելու մասին» N 153-Ն հրամանը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել