Պայմաններ պետք է ստեղծվեն վարակիչ հիվանդություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցելու համար. նոր օրինագիծ ԱԺ-ում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նոր օրինագիծ, որով առաջարկվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարել:

Առաջարկվող նախագծի ընդունմանը անհրաժեշտությունը խմբակցությունը պայմանավորում է հետեւյալ հանգամանքներով.

««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանվում են ձերբակալված կամ կալանավորված անձի պաշտպանի, մերձավոր ազգականների եւ այլ անձանց հետ տեսակցության կարգն ու պայմանները: Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածով կարգավորվում են դատապարտյալի՝ ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ կապի ապահովմանն առնչվող իրավահարաբերությունները:

Նախագծով առաջարկվում է կատարել լրացումներ, որոնց միջոցով կապահովվի տեսակցողի, ով կարող է լինել վարույթն իրականացնող մարմինը, փաստաբանը, պաշտպանը, մերձավոր ազգականը կամ մեկ այլ անձ, առողջության անվտանգությունը:

Ձերբակալված կամ կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի մասին նախապես տեղեկատվություն ստանալը, նրան այցելող փաստաբաններին, ինչպես նաեւ նրա հետ անմիջական շփման մեջ գտնվող այլ անձանց չվարակելու, նրանց առողջական վիճակը հնարավոր վտանգի չենթարկելու կարեւոր նախապայման է հանդիսանում:

Առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում ՁՊՎ եւ ՔԿ հիմնարկի վարչակազմի վրա կդրվի ուղղակի պարտավորություն ինչպես տեղեկացնելու, այնպես էլ ապահովելու բոլոր այն պայմանները, որոնք անհրաժեշտ եւ բավարար են ձերբակալված, կալանավորված կամ դատապարտված անձին տեսակցողի առողջության անվտանգության ապահովման համար»,-նշվում է նախագծում:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել