Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչներ Արտյոմ Մեսրոպյանը և Մարատ Ատովմյանը հունիսի 12-ին, քաղհասարակության կազմակերպություների այլ ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ինչպես նաև 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկմանը։
Բացման խոսքում Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ողջունելով ներկաներին՝ նշեց, որ նման ձևաչափով դատական իշխանության բյուջետային հայտի նախագծի քննարկում կազմակերպելու հրամայականը պայմանավորված է դատական իշխանության հանրային հաշվետվողականությունն ու թափանցիկությունը բարձրացնելու հետևողական անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 24.05.2019թ. գրությամբ։
Հակիրճ ներկայացնելով Դեպարտամենտի կողմից մշակված բյուջեի նախագիծը՝ դեպարտամենտի ղեկավարը նշեց, որ դատական համակարգի 2020 թ․-ի բյուջետային հայտը կազմում է 21,195,745,000 դրամ, որը պլանավորվում է իրականացնել մեկ ծրագրի շրջանակներում։ Այն իր մեջ ներառում է 22 միջոցառում, որից 16-ը վերաբերում են ՀՀ դատարաններին` առանձին-առանձին, 1-ը՝ Բարձրագույն դատական խորհրդին և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնին, 1-ը՝ դատարանների պահուստային ֆոնդին, իսկ մյուս 4-ը հանդիսանում են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր։
Դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ Լիլիանա Գասպարյանն էլ իր հերթին հանգամանորեն ներկայացրեց բյուջետային հայտի նախագծի կազմման, մշակման աշխատանքները։ Նա նաև անդրադարձավ իրենց կողմից կատարված միջազգային փորձի ուսումնասիրությանը՝ հատկապես շեշտելով Նիդերլանդների օրինակը, որը հիմնականում հիմք է հանդիսացել բյուջետային հայտի նախագծի մշակման համար։
Ներկայացվեց նաև բյուջետային հայտի նախագծի կառուցվածքը, որն իր մեջ ներառում է պետական մարմնի ռազմավարության ընդհանուր նկարագրությունը և պետական մարմնի կողմից իրականացվող բյուջետային ծրագրերն ու միջոցառումները։
Շեշտվեց, որ բյուջետային ֆինանսավորման այս հայտի կազմման ժամանակ հատկապես կարևորվել են այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը, դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին, արդարադատության համակարգի մշտադիտարկմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը, դատական արխիվների և ընթացիկ գործերի ամբողջական թվայնացման համակարգի արմատավորմանը, դատարանների շենքային ու նյութատեխնիկական պայմանների որակական բարելավմանը, դատարանների ու դատավորների նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքների ապահովմանը, դատավորների օպտիմալ ծանրաբեռնվածության ապահովմանը, նրանց գործունեության գնահատման՝ օբյեկտիվ չափանիշների վրա խարսխված համակարգի ներդրմանը և այլն:
Քննարկման ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից հնչեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ինչպես բյուջետային հայտում նշված առանձին դրույթներին, այնպես էլ դատական իշխանության առջև ծառացած ընդհանուր խնդիրներին։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի և հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արտյոմ Մեսրոպյանը նշեց, որ այս տարի պետական կառավարման մարմինների հաջորդ տարվա բյուջետային հայտերի և 2020-2022 թթ․ միջնաժամկետ ծախսերի քննարկումն իրենց նախաձեռնությունն է, որն իրականացվում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ֆինանսների նախարարության աջակցությամբ և ՀՀ կառավարության անմիջական հանձնարարությամբ: Կարևորելով այս գործընթացում պետական մարմինների հետ կառուցողական երկխոսության ծավալումը և ներկայացված առաջարկությունների հիման վրա բյուջետային հայտերի վերանայումը, նաև նշեց, որ ակնկալվում է, որ հանրային լայն արձագանքի դեպքում կառավարությունը քայլեր կձեռնարկի այդ գործըթացի համար իրավական հիմքեր ստեղծելու և այն մշտական և շարունակական դարձնելու ուղղությամբ:
Հանդիպման ավարտին տեսակետներ հնչեցին, որ նման ձևաչափով հանրային քննարկումները հասարակություն-պետական կառույց կապը դարձնում են առավել բաց և թափանցիկ։