ԵԽԽՎ դիտորդները իրենց մտահոգությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները արգելափակելու կոչի առնչությամբ

«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշում գործադրել», – հայտարարել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա ՍՈՑ) և Անդրեյ Շիրցելը (Սլովենիա ԵԺԿ/ԵԽ), մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչից հետո։ Կոչը հետևել էր նախկին նախագահ Քոչարյանին խափանման միջոց կալանքը փոխելու մասին և նրան ազատ արձակելու դատարանի որոշումին։

«Առանց կասկածի տակ առնելու այդ որոշումը, ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունը օրենքի գերակայության նախապայմանն է, և օրենքի գերակայությունը լավագույնս ծառայում է իր նպատակներին քաղաքական գործիչների միջամտության բացակայության դեպքում։ Գոյություն ունեն հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսիք են դատարանի վիճահարույց որոշումը ավելի բարձր ատյանում բողոքարկելը։ Օրենքի գերակայությանը հարգելը պահանջում է հարգել բոլոր քաղաքացիներին պաշտպանելու միտված ընթացակարգերը, անկախ այն բանից թե ովքեր են նրանք:

Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ հասարակության արձագանքը այս դատական որոշման դեմ ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության դեռևս ցածր մակարդակը։ Դատական բարեփոխումները շարունակում են առաջնահերթ մնալ, և մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ դատական համակարգի հեռանկարային բարեփոխումների, մասնավորապես` կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին դրան մասնակից դարձնելու  նրա ցանկությունը» , – ասել են համազեկուցողները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել