Այսօր՝ փետրվարի 27-ին, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացված «Մարդու իրավունքների խախտումները բանակում և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ փաստաբան Հայարփի Սարգսյանը ներկայացրեց զինվորական քրեական գործերով քննության ընթացքում թույլ տրվող խախտումները: Նրա խոսքով, խախտումները սկսվում են զորակոչից:
«Զորակոչի ժամանակ շատ են խախտումները պատշաճ բուժզննություն իրականացնելու հետ կապված, զինծառայողը գնում է բուժզննման, որից հետո պետք է զորակոչվի բանակ, բայց իրենց գանգատները չեն արձանագրվում, համապատասխան փաստաթղթերը պատշաճ կարգով ուշադրության չեն հրավիրվում և արդյունքում առողջական խնդիր ունեցող անձը հայտնվում է հավասար զինվորական ծառայության մեջ՝ մյուս առողջ զինծառայողների հետ: Հրամանատարը նման դեպքերում հաշվի չի առնում այդ հանգամանքը ու ասում, որ եթե ուղարկել են ծառայության, ապա պետք է ծառայի, և իրեն չի հետաքրքրում և չի ուսումնասիրում փաստաթղթերը: Երբ զինծառայողը ծառայության ընթացքում իրեն լավ չի զգում և սկսում է բարձրաձայնել իր առողջական խնդիրների մասին, դա որակվում է որպես սիմուլյանտություն»,-նշում է Հայարփի Սարգսյանը:
Փաստաբանը մանրամասներ ներկայացրեց իր վստահորդներից մեկի՝ Յուրի Բրոյանի նկատմամբ հարուցված քրեական գործից: Նա նշեց, որ զինծառայողին ռազմական ոստիկանությունում խոշտանգել են, հարվածել են նրան, գցել գետնին, գդալով հարվածել ատամներին, դեմքին տաք ճաշ լցրել և այլն:
«Զինծառայողը 2018 թվականի օգոստոսին է զորակոչվել է: Ծառայությունից մի քանի օր հետո հրամանատարը նրան հեռվից տեսնելով ասել է, որ գետնից հավաքի ծխախոտների մնացուկները, նա հրաժարվել է: Դրան հաջորդել են հարվածներ դեմքին, ոտքով հարվածներ՝ մարմնին։
Նա պատմում է, որ այդ ծեծից հետո ուշագնաց է եղել, որից հետո երեք օր պահել են «կապտյորկայում», որպեսզի կապտուկները անցնեն, հետո տեղափոխվել են դիվիզիա, որտեղ էլ չդիմանալով պայմաններին կատարել է ինքնավնասում»,-նշում է Հայարփի Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում