Նախատեսվում է սահմանել պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել և միասնականացնել պետական մարմիններում քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց որակյալ աշխատանքի համար, բացակայող աշխատողին փոխարինելու ժամանակահատվածի կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողներին տրվող պարգևատրումների տրամադրման միասնական կարգավորումները:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ  պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել ՀՀ պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Պարգևատրումների վերաբերյալ կարգավորումներ սահմանված են միայն Օրենքի 22-րդ հոդվածում՝ պետական ծառայողների համար: Միաժամանակ, Օրենքի հիշյալ հոդվածին համապատասխան, Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշմամբ սահմանված է կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը:

Կառավարության 2014թ. հուլիսի 3-ի N 737-Ն որոշման 3-րդ կետով պետական իշխանության մարմինների ղեկավարներին իրավունք է վերապահված թույլատրել ՀՀ օրենսդրությամբ համապատասխան լիազորություններով օժտված անձանց խրախուսել քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց բարեխիղճ աշխատանքի համար՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով պետական բոլոր մարմինների համար նախատեսվել են պարգևատրման ֆոնդեր և հիշյալ օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանվել է, որ այդ օրենքով նախատեսված` յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսված բյուջետային միջոցներն արդյունավետ, օգտավետ և (կամ) խնայողաբար կառավարելու արդյունքում առաջացող տնտեսումը համապատասխան մարմինը կարող է ուղղել այդ պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանը` ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների:

Վերը նշված իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև աշխատողների պարգևատրման միջազգային փորձը հաշվի առնելով՝ Նախագծով նախատեսվում են պետական մարմիններում քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարգևատրման հիմնական պայմանները և կարգը:

Այժմ առաջարկվում է կանոնակարգել՝

  • պետական մարմիններում քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց տրվող պարգևատրումների տրման պայմանները, ժամկետները և այլ անհրաժեշտ հարցեր,
  • փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողին՝ համակարգման ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար տրվող պարգևատրման հաշվարկման սկզբունքը՝ համապատասխան բանաձևի միջոցով, ինչպես նաև տրման ժամկետները,
  • երկու ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար փոխարինող աշխատողին տրվող պարգևատրման չափը և ժամկետները։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել