Ծննդատներում տեսակցություններն անվճար կդառնան

Նոյեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է թիվ 2731-Ա հրամանը, համաձայն որի դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծննդաբերների և ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգը:

 

 

Հրամանով հստակ սահմանվում է, որ ծննդօգնության ծառայությունների գծով պետական պատվեր իրականացնող բուժհաստատություններում ծննդաբերությունների հետ կապված բուժօգնության կազմակերպման գործընթացում, որպես վճարովի ոչ բժշկական ծառայություն, թույլատրվում է մատուցել միայն անհատական (միայն մեկ ծննդաբերի/ծննդկանի համար նախատեսված) լրացուցիչ տարածքով և բարելավված պայմաններով հիվանդասենյակի տրամադրում, ներառյալ խնամողի համար համապատասխան պայմանների ստեղծումը (առանձին մահճակալ, հիգիենայի պարագաներ և այլն):

 

 

Վճարովի այս ծառայության գները սահմանում է բժշկական կազմակերպության տնօրինությունը։ Սակայն այն չպետք է գերազանցի 10, 15 և 20 000 հազար դրամը` պայմանավորված հրամանով ամրագրված առաջարկվող պայմաններից։ Միաժամանակ, վճարովի ծառայությունների գնացուցակը պետք է փակցվի բժշկական հաստատության ընդունարանում` տեսանելի վայրում և տեղադրվի կազմակերպության կայքէջում:

 

 

Նույն հրամանով պետական պատվերի շրջանակներում ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններին ներկայացվում են որոշակի պահանջներ և պայմաններ.

 

 

1) ծննդաբերների և ծննդկանների համար նախատեսված վճարովի մահճակալների մասնաբաժինը չի կարող գերազանցել ծննդաբերական բաժանմունքի/ների մահճակալների ընդհանուր թվի 1/3-ը,

 

 

2) վճարովի հիվանդասենյակները պետք է մատուցվեն պացիենտի (ծննդկանի /ծննդաբերի կամ նրա օրինական ներկայացուցչի) և բուժհաստատության միջև կնքվող պայմանագրի հիման վրա,

 

 

3) հիվանդասենյակների վրա պարտադիր պետք է փակցված լինեն «վճարովի» կամ «անվճար» անշարժ ցուցանակներ,

 

 

4) պետք է բացառվեն վճարովի հիվանդասենյակներից օգտվելու ուղղորդումը և/կամ անվճար պալատներում ազատ մահճակալների բացակայության պատճառով վճարովի պալատների առաջարկը: Նման դեպքերում բուժհաստատությունը պարտավոր է անվճար հիմունքներով տրամադրել վճարովի պալատ, մինչև անվճար պալատում տեղի ազատվելը,

 

 

5) ծննդատան հիմնական մուտքերում, ընդունարանում և բաժանմունքում/ներում, տեսանելի տեղում պետք է փակցված լինի hայտարարություն, հետևյալի մասին.

 

 

ա.«Վճարովի հիվանդասենյակները տրամադրվում են միայն Ձեր ցանկությամբ և գրավոր համաձայնությամբ»,

 

 

բ. «Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել տնօրինությանը, իսկ դրանց չլուծման պարագայում դիմել ՀՀ առողջապահության նախարարություն` 52-88-72 կամ 52-15-59 հեռախոսահամարներով»:

 

 

Միաժամանակ, ծննդօգնության ծառայությունների գծով պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններից պահանջվում է բարելավել ծննդաբերական բաժանմունքների անվճար հիվանդասենյակների պայմանները` առաջնորդվելով հրամանով սահմանված չափորոշիչներով։

 

 

ՀՀ առողջապահության նախարարի նույն հրամանով դեկտեմբերի 1-ից պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններում ծննդաբերներին և ծննդկաններին կատարվող տեսակցությունները կազմակերպվում են անվճար:

 

 

Տեսակցությունները պետք է կազմակերպվեն այցեքարտերի միջոցով` յուրաքանչյուր ծննդկանին տրամադրելով «այցելուի անհատական այցեքարտ» ծննդկանի/ծննդաբերի կողմից ընտրված երկու, իսկ առանձին դեպքերում, տնօրինության որոշմամբ, երեք անձի համար:

 

 

Ընտանիքի անդամի կամ հարազատի կողմից ծննդկանի/ծննդաբերի խնամքի կազմակերպման դեպքում այցելությունների նպատակով կտրամադրվի «խնամողի անհատական այցեքարտ»` առանց այցելությունների ժամային սահմանափակման:

 

 

Նախարար Դումանյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ստեղծել առանձին պայմաններ (սենյակ, անկյուն), հիվանդասենյակից դուրս` ծննդկանների/ծննդաբերների և այցելուների տեսակցությունը կազմակերպելու համար:

 

 

Հրամանով պահանջվում է հաստատել և ընդունարանում, հիմնական մուտքերում փակցնել, ինչպես նաև կազմակերպության կայքէջում տեղադրել տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ բուժհաստատության ներքին ընթացակարգ` ներառելով ներկայացվող սահմանափակումները.

 

• տեսակցությունները թույլատրել ժամը 15:00-ից մինչև ժամը 21:00-ն ընկած ժամանակահատվածում,
• տեսակցություններն արգելել`
• տվյալ պահին սուր վարակիչ հիվանդությամբ տառապող անձանց,
• ոչ սթափ վիճակում գտնվող անձանց,
• անկայուն, ակնհայտ անսովոր հոգեվիճակում գտնվող անձանց,
• համաճարակային իրավիճակներում,
• մինչև 15 տարեկան երեխաներին:

 

Սույն հրամանով սահմանված սահմանափակումները չեն տարածվում գինեկոլոգիական և հղիության ախտաբանության բաժանմունքների վրա:

 

 

Հրամանին կարող են ծանոթնալ այստեղ:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել