Հին նմուշի անձնագրեր կտրամադրվեն մինչև 2021 թվականի հունվարի 1-ը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

 «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ հին նմուշի (1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված) անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, ինչը ենթադրում է, որ հունվարի 1-ինց հետո ՀՀ քաղաքացիներին կարող են տրամադրվել բացառապես կենսաչափական անձնագրեր:

2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը: Միաժամանակ,  մինչդեռ ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու համար գնման ընթացակարգը դեռևս ավարտված չէ: Հայտարարված մրցույթի իրականացման և հաղթող կազմակերպություն ունենալու դեպքում համակարգի հետագա տեխնիկական շահագործումն ապահովելու նպատակով դեռևս լրացուցիչ ժամանակ կպահանջվի, ուստի նպատակահարմար է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր տրամադրելու ժամկետը երկարաձգել: Այն թույլ կտա առանց խոչընդոտների ապահովել  մրցույթի կայացումից հետո նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր բլանկների ձեռքբերման, համակարգի ամբողջական գործարկման և լիարժեք սպասարկման աշխատանքները։

2.Կարգավորման նպատակը և բնույթը

Ներկայացված օրինագծերով «ՀՀ քաղաքացի անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում առաջարկվում է կատարել փոփոխություններ նպատակ ունենալով ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ այսպես կոչված հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել՝ 2019թ-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:

Փոփոխությունը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրերի  համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործումը իրականացնել ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիր մինչև 2021 թվականի հունվարի 1-ը՝ մինչև կենսաչափական անձնագրերի  համակարգի շահագործումը նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք իրականացնելը ապահովելով ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել