Հարցի շուրջ Իրավաբան.net-ը խոսել է 4 փաստաբանների հետ: Նրանց հակասական կարծիքները ներկայացնում ենք ստորեւ, եզրակացությունը թողնելով ընթերցողին:
Փաստաբան Սոնա Հարությունյան– Ենթադրվում է, որ ամուսնական մատանին պետք է լինի թանկարժեք մետաղից, առավել հաճախ` ոսկուց:
Մեր օրենսդրությունը նախատեսում է ամուսնական պայմանագրի ինստիտուտը, որով կարող են կարգավորել նմանատիպ հարցերը: Եթե ամուսինների միջև չկա կնքված պայմանագիր, ապա հարցի կարգավորումը պետք է գտնել օրենքներում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի իմաստով` «անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է»: Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք ամեն մատանի պետք է դիտել որպես թանկարժեք իր, թե` ոչ: Բացի այդ, ամուսնական մատանիները ձեռք են բերվում մինչև ամուսնությունը` այն ենթադրությամբ, որ ամուսնադրության պահին ամուսինների միջև դրանք փոխանակվելու են, ամուսինների փոխադարձ նվերն է: Իմ սուբյեկտիվ կարծիքով, կնոջ ամուսնական մատանին պատկանում է կնոջը, ինչպես եւ տղամարդու ամուսնական մատանին` տղամարդուն: Դա շատ անձնական, խորհրդանշական իր է, որը յուրաքանչյուրի կյանքում անփոխարինելի արժեք ունի:
Փաստաբան Կարեն Քոչարյան– Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդվածի 201 առաջին մասի. «Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով»: Նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված է, որ. «Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է»:
Ուստի, ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր ստացած գույքը նրա սեփականությունն է:
Փաստաբան Սյուզաննա Սողոմոնյան– ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի. «Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այյլն) թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է»: Համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի. «Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է»: Իսկ եթե այս նվերը դիտարկենք որպես նվիրատվության պայմանագրի առարկա, ապա այս դեպքում դրա պայմանագրի գրավոր կնքնելը բնավ պարտադիր չէ, քանի որ այն «շարժական գույք» է:
Հետեւապես, կարծում եմ, որ այստեղ անվիճելի է այն հանգամանքը, որ ամուսիններից յուրաքանչյուրի նվեր ստացած գույքը` այդ թվում նաեւ ամուսնական մատանին, համարվում է ստացողի սեփականությունը: Ուստի, կնոջ կամ ամուսնու կողմից օգտագործվող ոսկե մատանին պատկանում է իրեն` որպես անհատական օգտագործման գույք:
Փաստաբան Անահիտ Հակոբյան – Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի` «Անհատական oգտագործման գույքը (հագուuտը, կոշիկը եւ այլն), բացառությամբ թանկարժեք իրերի եւ պերճանքի առարկաների, եթե նույնիuկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուuինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուuնու uեփականությունը, որն այդ գույքն oգտագործել է»:
Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի` «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները»:
Թանկարժեք մետաղների մասին ՀՀ օրենքի համաձայն ոսկին, արծաթը, պլատինը և պալադիումը թանկարժեք մետաղներ են:
Տառացի մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասը` հանգում ենք այն եզրակացության, որ ամուսնական մատանին, եթե այն պատրաստված է թանկարժեք մետաղից, պետք է բաժանվի ամուսինների միջև:
Աղբյուրը` Իրավաբան. net