Բոլորս էլ առօրյայում ստիպված ենք լինում հետևել լուսացույցների ազդանշաններին:
Հայտնի է, որ լուսացույցներում կիրառվում են կանաչ, դեղին, կարմիր և լուսնասպիտակ գույների լուսային ազդանշաններ:
Կախված գործածման նպատակից` լուսացույցները լինում են տրանսպորտային, հետիոտնային և հեծանվորդների երթևեկությունը կարգավորող, իսկ դրանց ազդանշանները` կլոր (առանց պատկերի), ինչպես նաև պատկերներով` սլաքի (սլաքների), հետիոտնի կամ հեծանիվի ուրվապատկերի տեսքով և «X»-աձև:
Կլոր ազդանշաններով լուսացույցները կարող են ունենալ մեկ կամ երկու կանաչ սլաքի (սլաքների) տեսքով ազդանշաններով լրացուցիչ մասեր (սեկցիաներ), որոնք տեղադրվում են կանաչ ազդանշանի մակարդակի վրա:
Լուսացույցի կլոր ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`
1) կանաչ ազդանշանը թույլատրում է երթևեկությունը (կանաչ ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ).
2) կանաչ թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում, որ դրա գործողության ժամկետը լրանում է, և շուտով կմիանա արգելող ազդանշանը.
3) դեղին ազդանշանն արգելում է երթևեկությունը, բացառությամբ կանոններով նախատեսված դեպքի և նախազգուշացնում ազդանշանի առաջիկա փոփոխման մասին.
4) դեղին թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում չկարգավորվող խաչմերուկի կամ հետիոտնային անցման առկայության, ինչպես նաև նախազգուշացնում որևէ վտանգի մասին.
5) կարմիր ազդանշանը, այդ թվում նաև՝ թարթող, արգելում է երթևեկությունը (կարմիր ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ).
6) կարմիր և դեղին ազդանշանների զուգակցումն արգելում է երթևեկությունը և տեղեկացնում կանաչ ազդանշանի առաջիկա միանալու մասին:
Լուսացույցի կարմիր, դեղին և կանաչ գույների սլաքների տեսքով ազդանշաններն ունեն նույն նշանակությունը, ինչ համապատասխան գույնի կլոր ազդանշանները, սակայն դրանց գործողությունը տարածվում է միայն սլաքներով նշված ուղղության կամ ուղղությունների վրա: Այդ դեպքում ձախ շրջադարձ թույլատրող սլաքը թույլատրում է նաև հետադարձը, եթե դա արգելված չէ համապատասխան ճանապարհային նշանով: Նույն նշանակությունն ունի լրացուցիչ սեկցիայի կանաչ սլաքը: Լրացուցիչ սեկցիայի անջատված ազդանշանն արգելում է երթևեկությունն այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ:
Կարմիր և դեղին գույների սլաքների փոխարեն կարող են օգտագործվել սև ուրվագծային սլաքներով նույն նշանակությունն ունեցող կարմիր և դեղին կլոր ազդանշաններ:
Լուսացույցի հիմնական կանաչ ազդանշանի սև ուրվագծային սլաքը (սլաքները) վարորդներին տեղեկացնում է լրացուցիչ սեկցիայի առկայության մասին և ցույց տալիս թույլատրված երթևեկության այնպիսի ուղղություններ, որոնք նախատեսված չեն լրացուցիչ սեկցիայի ազդանշանով:
Աղբյուր՝ Իրավաբան.net