ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակողն Արմեն Բիլյանը չէ․ Պավլիկ Մանուկյանը դատարանում անակնկալ հայտարարություն արեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 18–ին, տեղի ունեցավ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից՝ Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Մխիթար Ավետիսյանի, Վարուժան Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի, Սերգեյ Կյուրեղյանի և Արեգ Կյուրեղյանի քրեական գործով հերթական դատական նիստը ՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

Պավել Մանուկյանը նիստերի դահլիճում հայտարարեց, որ սխալ մեղադրանք է առաջադրվել, ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոց արձակողը Արմեն Բիլյանը չէ:

Նրա խոսքով, Գագիկ Մկրտչյանի ձեռքին պատահական կրակոց արձակողը Էդուարդ Գրիգորյանն է եղել, իսկ բանկոմատ բացելու խնդրի համար պատասխան է տալիս Սմբատ Բարսեղյանը, որի հեղինակն իրականում Մխիթար Ավետիսյանն է։

Նշենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդում վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար:

Էդուարդ Գրիգորյանը և Մխիթար Ավետիսյանը հերքեցին Պավել Մանուկյանի հայտարարությունը։ Ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք չեն կիսում Պավել Մանուկյանի կարծիքը և դա միայն նրա սուբյեկտիվ կարծիքն է։

Նշենք նաև, որ ամբաստանյալներից Արմեն Բիլյանը միջնորդություն հայտնեց Ազատ Շահբազյանին ներգրավվել իր պաշտպանների ցանկում, իսկ Սմբատ Բարսեղյանը՝ Մուշեղ Շուշանյանին։ Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունները։

Պաշտպաններից Տիգրան Եգորյանը միջնորդություն հայտնեց դատական նիստը հետաձգել։

Նշենք, նաև որ այսօրվա դատական նիստին տուժողներից Խաչատուր Մուրադյանը, Տիգրան Դանիելյանը, Արթուր Հարությունյանը, Վլադիմիր Սիրեկանյանը և Հովսեփ Սարգսյանը,  ովքեր ոստիկանության աշխատակիցներ են, չէին ներկայացել դատական նիստին՝ ծառայողական պարտականությունների ծանրաբեռնվածության պատճառով։

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 1-ին։

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել