Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վաղ առավոտյան Սիրիայում ավիահարվածներ են հասցրել այն տարածքներին, որոնք կապված են քիմիական զենքի ստեղծման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Դամասկոսում տեղակայված թիրախը եղել է գիտահետազոտական կենտրոն, որը մասնակցել է քիմիական զենքի ստեղծմանը։ Հոմս քաղաքում ԱՄՆ–ի և դաշնակիցների օդուժը հարվածել է քիմիական զենքի պահեստին։
Ավիահարվածի երրորդ թիրախը եղել է քիմիական նյութերի պահեստ/հրամանատարական կետը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնը:
Առաջիկայում նոր ավիահարվածներ չեն նախատեսվում։
Ամերիկացիներին ուղղված ուղերձում ավիահարվածների մասին ի սկզբանե հայտարարել է Սպիտակ տնից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այս պահին Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հետ համատեղ գործողություն է ընթանում»,– հայտարարել էր Թրամփը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջոն Մետիսն ասել է, որ նախորդ ավիահարվածի համեմատ սա կրկնակի հզոր է եղել, երբ Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան ամերիկյան օդուժը ռմբահարել էր սիրիական ռազմական օդանավակայանը։ Ամերիկյան կողմը կորուստներ չի ունեցել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հաստատել է ֆրանսիական զինուժի մասնակցությունն այս գործողությանը։ «Տասնյակ տղամարդիկ, կանայք և երեխաներ են սպանվել քիմիական զենքի կիրառման հետևանքով»,– ասել է նա՝ խոսելով նախորդ շաբաթ սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասին։ Մակրոնի խոսքով, այդ միջադեպով սիրիական վարչակարգն անցել էր բոլոր սահմանները։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է համատեղ գործողությանը բրիտանական ուժերի մասնակցությունը՝ ավելացնելով, որ «ուժի չկիրառմանը որևէ իրատեսական այլընտրանք չի եղել»։ Նրա խոսքով այս ավիահարվածների նպատակը Սիրիայում վարչակարգի փոփոխությունը չէ։