Կեմերովոյի բնակիչ Իգոր Վոստրիկովը, որը առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով կորցրել է իր ամբողջ ընտանիքը, հրապարակել է տեսանյութ՝ Зимняя вишня առևտրի կենտրոնի ներքին տեսախցիկներից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով՝ սա 4 րոպեանոց տեսանյութ է, որը հեռացվել է նախկինում հրապարակված տեսագրություններից: Այս կադրերը երևէ որևէ տեսանյութում չեն երևացել:
Կադրերում երևում է, որ կրակի բռնկումը սկսել է ձախ մասից, ինչից հետո մարդիկ սկսել են վազել հակառակ ուղղությամբ: Ոմանք էլ հակառակը, վազել են դեպի հրդեհի օջախը՝ երեխաներին փրկելու համար: Մոտավորապես 1 րոպեում ծուխը տարածվել է ամբողջ տարածքում և տեսանյութում այլևս ոչինչ չի երևում:
Բացի դրանից, Վոստրիկովը մատնանշել է, որ սանդուղքը չափազանց նեղ է եղել, ընդամենը մեկ մետր լայնությամբ, և մարդիկ խմբվել էին մի տեղում՝ փորձելով դուրս գալ:
«Սա ուղղակի սարսափելի է»,-նշել է նա՝ հավելելով, որ իր ներկայիս ամբողջ գործունեությունը կուղղվի ԱԻՆ-ում բարեփոխումներ անելուն:
Հիշեցնենք, որ Зимняя вишня առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված ողբերգական հրդեհը խլեց 64 մարդու կյանք, որոնցից 41 երեխաներ էին: Կրակի օջախը գտնվել է վերին հարկում, որտեղ տեղակայված են եղել մի քանի կինոսրահներ և մանկական խաղահրապարակը: Քննչական մարմինը հրդեհի բռնկման 2 տարբերակ է ուսումնասիրում՝ կարճ միացումը, կամ էլ ինչ-որ մեկը հատուկ հրդեհել է առևտրի կենտրոնը:
Նշենք նաև, որ Վոստրիկովի կինը, քույրը և 3 երեխաները հրդեհի ժամանակ գտնվում էին առևտրի կենտրոնում: Նրանք բոլորը զոհվել են: