Ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակման իրականացումը ապահովում է քաղաքապետարանի աշխատակազմը:
Քաղաքապետարանը ներկայացրել է նոր օրենքի նախագիծ, որով առաջարկում է Երևանի ավագանու հրապարակային նիստում ավագանու անդամներից և հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք տալ միայն՝
1) օրենքով նման իրավունք ունեցող անձանց.
2) Երևանի գլխավոր ճարտարապետին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին և նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին կամ Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին.
3) Երևանի քաղաքապետի կամ նիստը վարողի հրավիրած՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին կամ այլ անձանց:
Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում հավատարմագրված լրագրողները իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որը ապահովված է ավագանու հրապարակային նիստերը առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակմամբ դիտելու և ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ, իսկ ավագանու նիստերի դահլիճում կարող են ներկա լինել Երևանի քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ:
Այս նախագծով լրագրողները զրկվում են նիստերի դահլիճում ներկա լինելու հնարավորությունից:
Օրենքն ընդունվելուց հետո ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օր:
Եվգենյա Համբարձումյան