Ձևավորված ավանդույթի համաձայն` նոյեմբերի 8-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահների մասնակցությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավոր Նորա Կարապետյանին:
Նորա Կարապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012թ. նոյեմբերի 1-ի հրամանագրով:
Արդարադատության խորհրդի նիստում, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությամբ և հանդիսավոր պայմաններում Նորա Կարապետյանը տվել է ՀՀ դատական օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված երդում` ստանձնելով դատավորի պաշտոնը:
Հիշեցնենք, որ դատավորների հետ նման հանդիպումները, միաժամանակ, կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Այս հանդիպմանը ևս Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների հետ քննարկեց արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր:
Հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործացկության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net