Կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից և 17 նախարարներից՝ գործող 18-ի փոխարեն: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի ընդունումից հետո միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը կլուծարվի: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում նշեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Ամրագրվել են վարչապետի հրաժարականին հավասարեցված իրավիճակները, օրինակ, երբ վարչապետը 5-օրյա ժամկետում չի ներկայացնում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ: Վարչապետի եւ փոխվարչապետի լիազորությունների ապահովման համար նախատեսվել է վարչապետի աշխատակազմի վերաբերյալ դրույթը, որը ձեւավորում է հենց վարչապետը, իսկ փոխվարչապետներին սպասարկելու է համապատասխան գրասենյակը:
Նախատեսվել են դրույթներ կառավարության նիստերի անցկացման, քվորումի վերաբերյալ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, օրինակ պատերազմական իրավիճակում: Քանի որ կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու, հետևաբար կառավարության գործունեության թափանցիկության վերաբերյալ ևս դրությներ են ամրագրված»,-ընդգծեց Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ըստ օրինագծի կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են, բացի վարչապետից, կառավարության անդամների 2/3-ը: Նախագծով սահմանվել են դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական, մասնավորապես, երբ կորցրել է քաղաքացիությունը, ձեռք է բերել այլ պետության քաղաքացիությունից կամ խախտել է օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները:
Եվգենյա Համբարձումյան